Մատչելիության հղումներ

Քննություն են հանձնում դպրոցների տնօրենները


examinations of Directors
examinations of Directors
Բարձրագույն կրթությունը, համապատասխան որակավորումը, վերջին տասը տարվա ընթացքում առնվազն յոթ տարվա մանկավարժական կամ կրթության կառավարման աշխատանքային փորձը դեռեւս բավարար չեն տնօրեն դառնալու համար:

Անցյալ տարվա փետրվարից դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողները նախ Կրթության եւ գիտության նախարարության մշակած ծրագրերով մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, այնուհետեւ հավաստագրման քննություններին, պատասխանում կրթության ոլորտին եւ հարակից օրենսդրությանը, կառավարչական հմտություններին, մանկավարժական, հոգեբանական եւ ուսումնական գիտելիքներին վերաբերող հարցերին:

«Սա արդեն 4-րդ փուլն է, այն տնօրենները կամ թեկնածուները, ովքեր չեն հաղթահարի քննությունները, եւս երկու անգամ վերահանձնելու հնարավորություն կունենան», - ասաց Կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:

Իրենց դիմորդի կարգավիճակում զգացող տնօրենները քննասենյակից դուրս գալուց հետո արդեն միմյանց օգնությամբ ստուգում էին աշխատանքները, ոմանք` հիասթափվում, ոմանք էլ` գոհանում իրենց արդյունքից:
Արդեն 6 ամիս Տավուշի մարզի Բագրատաշենի թիվ 2 դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնած Լիանա Ալավերդյանը մեկ անգամ ձախողվել է քննություններում, սա նրա երկրորդ փորձն է:

«Հարցաշարում այնպիսի հարցեր են, որ տնօրենը պետք է իմանա: Հավաստագիրը օգնում է, որ տնօրենը իրեն պատասխանատու զգա իր աշխատանքում», - ասում է նա:

Թեստի հարցերի 90 տոկոսին ճիշտ պատասխանած տնօրենները հնարավորություն են ստանում մասնակցել բանավոր փուլին, որի ժամանակ հանձնաժողովի կազմում ընդգրկված դասախոսը, ուսուցիչը, նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները իրենց հարցերն են ուղղում տնօրեններին:

Ինչպես միասնական քննությունների ժամանակ դիմորդները, այնպես էլ հավաստագրման գործընթացին մասնակցող տնօրեններից մի քանիսը նշեցին, որ կային ծուղակային եւ անծանոթ հարցեր:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը դեռ գործընթացի սկզբում «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցներից մեկում նշել էր, որ քննությունների ընթացքում եւ ավարտին դժվար թե սուբյեկտիվ վերաբերմունք լինի: Ըստ նրա` խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ տնօրենը հավաստագիրը ձեռքին մասնակցում է թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ հասկանում, որ ընտրությունը միեւնույն է պետք է կատարի մարզպետը: Այսպիսով, ըստ Բախշյանի, կոռուպցիոն երեւույթները, ծանոթ-բարեկամի գործոնը, միեւնույն է, չեն վերանում:

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նարինե Աբրահամյանը 10 տարի աշխատել է որպես տնօրեն, պաշտոնից հրաժարվել է իր դիմումի համաձայն, սակայն հիմա ցանկություն ունի վերականգնվել: Աբրահամյանը եւս գիտակցում է, որ հավաստագիրը դեռեւս ուղեգիր չէ դեպի դպրոց:

Նախարարությունից տեղեկացրին, որ այս փուլի քննությունները կավարտվեն մարտի 23-ին:
XS
SM
MD
LG