Մատչելիության հղումներ

«Միեւնույն է կրպակները ապամոնտաժվելու են»


Մաշտոցի այգու համար պայքարող երիտասարդ ակտիվիստները, փետրվար, 2012թ.
Մաշտոցի այգու համար պայքարող երիտասարդ ակտիվիստները, փետրվար, 2012թ.

Արդեն 22 օր է` բնապահպաններն ու երիտասարդ ակտիվիստները պայքարում են Մաշտոցի այգին հանրությանը վերադարձնելու համար:

Յուրաքանչյուր օր տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելով` այս 22 օրվա ընթացքում ակտիվիստները վերակենդանացրել են այգին ու հասել նրան, որ այգում շինարարությունը դադարեցվի: Այլ դրական տեղաշարժեր, ցավոք, դեռ չեն գրանցվում:

Ակտիվիստներից Եղիան «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է. - «Մենք այս դեպքում էլ մինչեւ վերջ պետք է պայքարենք, իսկ թե հաջորդ վճռական քայլն ինչ կլինի` դա զարգացման փուլում է: Ե՛վ իրավական դաշտ, ե՛ւ դատարան` նման պրոցեսներ էլ կան: Մենք պահանջել ենք, այսօր իրենք կասեցրել են շինարարությունը, մենք էլ այստեղ ենք զուտ որպես ֆրոնտ պահող զինվորներ»:

Եթե կարծիք կա, թե ակտիվիստների թիվը օր-օրի նվազում է, ապա դրան ակտիվիստները համաձայն չեն: Նրանց խոսքով` այստեղ են միայն ցրտադիմացկունները, իսկ անհրաժեշտության դեպքում ողջ կազմը մեկ մարդու նման մի քանի րոպեում հավաքվելու է:

«Մենք էս 10-20 հոգին չենք, մենք արդեն մեծ խումբ ունենք. 8 հազար ստորագրություն, 350 հեռախոսահամար, ու երբ պետք լինի` բոլորս ֆիզիկապես այստեղ կլինենք, իսկ մինչ այդ հուսանք, որ վերեւները խելամիտ որոշում կկայացնեն ի օգուտ Երեւանի, ժողովրդի, ու էդ բուտիկները կապամոնտաժվեն»,- նշեց Եղիան:

Երիտասարդների բողոքին միացել են նաեւ Գյումրիից: Գյումրեցի Հայկը նախկինում այգում չի եղել ու նախկին տեսքին էլ ծանոթ չէ, սակայն համոզված է, որ սրանից վատ լիներ չէր կարող:

Հայկը նշում է, որ ընկերների կողքին է մինչեւ խնդրի վերջնական լուծումը. - «Սիրտս ցավում է բնության հանդեպ նման վերաբերմունքից, ու իմ քաղաքում թողած լիքը խնդիրներ` եկել ենք այստեղ, իմ ընկերների կողքին ենք կանգնել, որ էս քաղաքը խելքը գլուխը հավաքի: Իշխանությունը հասկանա, որ Հայաստանը ժողովրդինն է, ու մարդիկ կան, ովքեր իրենց երկրին տեր են»:

Այսօր երիտասարդների օրակարգում է բնապահպանական ֆորումը: Եղիայի խոսքով, հավաքվելու են` քննարկելու Հայաստանին առնչվող բնապահպանական բոլոր խնդիրները:

Աննա Ադամյանը բնակվում է այգու հարակից տարածքում: Ունի երկու զավակ: Յուրաքանչյուր օր այգի է դուրս գալիս չորս տարեկան եւ երկու ամսական զավակների հետ զբոսնելու: Նշում է, որ չնայած երեխաները փոքր են, բայց արդեն միասին պայքարում են իրենց իրավունքների համար. - «Մենք կարող ենք ուրիշ այգի գնալ ման գալու, որտեղ ավելի շատ ծառեր կան, բայց գալիս ենք այստեղ, որ ցույց տանք մեր դժգոհությունը։ Առանց այդ էլ քաղաքում գրեթե զբոսայգիներ չկան»:

Օրերս ակտիվիստները նաեւ Facebook-ում բացել են «Դանակը ոսկորին` մեծամասշտաբ համաքաղաքացիական բողոքի ցույց» խումբը: Խմբի էջում գրված է.- «Բավական է աղավաղել քաղաքը, բավական է շարունակաբար խախտել քաղաքաշինական նորմերը, բավական է հաշվի չառնել հասարակական կարծիքը, բավական է ապօրինաբար կամայականություններ իրականացնել... Երեւանը քաղաք է, ավելին` մայրաքաղաք է, ոչ թե սուպերմարկետ, մոթել, կազինո, բուծիկ, պառկովկա եւ դախլի: Բոլոր նրանք, ովքեր այլեւս կուշտ են Երեւանի ոչնչացման ծրագրի իրականացումից, միացեք ու դուրս եկեք փողոց մարտի 8-ին»:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ի՞նչ է նախատեսվում այդ օրը, Եղիան պատասխանեց. - «Դեռ դրա մասին ոչինչ չեմ կարղ ասել, դեռ խմորման փուլում է»:

Իսկ Լալա Ասլիկյանը նշում է, որ հետադարձ ճանապարհ, այնուամենայնիվ, չունեն եւ գնալու են մինչեւ վերջ, իսկ իր առաջարկը հետեւյալն է. - «Ապամոնտաժել կրպակը:Մենք ինքներս կապամոնտաժենք, եթե իրենք չանեն: Միեւնույն է կրպակները ապամոնտաժվելու են, ուրիշ բան չի կարող լինել»:


please wait

No media source currently available

0:00 0:06:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG