Մատչելիության հղումներ

Բուհերի համակարգային փոփոխությանը հավատալը դեռ վա՞ղ է


Կառավարման խորհրդային մեթոդներ, օտար լեզվով գրականություն, դասավանդման հին մեթոդներ. սրանք, ըստ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի միջազգային քաղաքականության բաժնի ղեկավար Սուսաննա Կարախանյանի, հայաստանյան բուհերի ամենաակնառու խնդիրներն են:

«Մեր դասախոսները թեկուզ ունեն շատ լավ հիմքեր, բայց իրենց դասավանդման մեթոդները պիտի փոխվեն, դրանք արդեն արդի չեն: Միջավայրը այլ մոտեցումներ է պահանջում», - ասաց Սուսաննա Կարախանյանը:

Հայաստանյան բուհերն անցնում են հավատարմագրման գործընթացը, որը ենթադրաբար պետք է լուծի այս խնդիրները: Այդուհանդերձ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այժմ պետք է իրատեսական չափանիշներ դնենք մեր առջեւ:

«Իրատեսական ասելով՝ նկատի ունենք այնպիսի նվազագույն ընդունելի որակի չափանիշներ, որոնք մեզ թույլ կտան միջազգային բարձրագույն կրթական տարածքի հետ լավագույնս ինտեգրվել: Բայց միանգամից դնել այնպիսի նշաձող, որը իրատեսական չէ, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ», - ասաց նախարարը:

Հայաստանի երկու համալսարաններն արդեն անցել են փորձնական հավատարմագրումը: Այսօր կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ սեմինարով սկսվեց եւս 6 պետական եւ 2 ոչ պետական բուհերի հավատարմագրումը: Սեմինարին մասնակցում էին նաեւ Նիդեռլանդների եւ Ֆլանդրիայի բուհերի հավատարմագրման կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր Հայաստանյան բուհերին գործընթացն անցնելու համար խորհրդատվություն են տրամադրելու:

Ուսանողները եւս ներկա էին սեմինարին, եւ հարցին՝ որո՞նք են մեր բարձրագույն ուսուցման գլխավոր խնդիրները, պատասխանեցին, որ հիմնականում պրակտիկայի պակասը եւ բուհ-գործատու շատ թույլ կապը:

Հայաստանյան բուհերի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց, որ մեր կրթական ոլորտի ներկայացուցիչներ դեռ սովոր չեն եվրոպական չափանիշներով աշխատելուն: Այն մեխանիզմը, որ օրինակ նախարարության կողմից պետք է որեւէ նախագիծ մշակվի եւ պարտադրվի, իրենք էլ կատարեն, բավականաչափ արմատացած է, եւ դեռ սովոր չեն պատասխանատու լինել յուրաքանչյուրն իր արդյունքների համար, ըստ այդմ համակարգային փոփոխությունների հաջողությանը հավատալը դեռ վաղ է:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG