Մատչելիության հղումներ

2012-ը նահանջ տարի է


2012 թվականը նահանջ տարի է` ունի 366 օր, ըստ այդմ, փետրվարի 28-ին մարտի 1-ի փոխարեն հաջորդեց այսօրը` փետրվարի 29-ը:

Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ: Այսօր Լաուրան նշում է իր 20-ամյակը, որը փաստորեն նրա ողջ կյանքի ընթացքում 5-րդ ծննդյան օրն է:

«Իմ համար այս տարի շատ ուրախ կանցնի: Այս տարվա ծնունդը տարբերվում է անցած տարվա ծնունդներից: Պատմել են` մամաս հիվանդանոց է գնացել 29-ի լույս առավոտյան 1992 թվականին: Որոշեցին, որ պիտի լինի 29-ը: Հենց էդ օրը մի հետաքրքիր դեպք էլ եղավ: Կարծես շատ ուրախությունից իմ ծննդականի մեջ կնիք չէին խփել, եւ հիմա ես ծննդական չունեմ», - ասում է հոբելյարը:

Լաուրան ասում է նաեւ, որ կձանձրանար այն դեպքում, եթե ամեն տարի ծննդյան տոն նշեր. այսպես` 4 տարին մեկ ավելի հետաքրքիր է:

Ինչո՞ւ է տարին կոչվում Նահանջ: Ինչպես նշում է տոմարի մասնագետ Լիլիթ Սիմոնյանը, տոմարը առաջ է ընկնում իրական, տիեզերական տարուց, մեկ օր նահանջում ենք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի: Աստղաբանը բացատրում է` բացի 365 օրերից գոյություն ունեն 6-ական ժամեր, որոնք գումարվում են եւ, մեկ ամբողջական օր կազմելով, կցվում փետրվար ամսին, քանի որ թվով ամենաքիչ օրեր ունեցող ամիսը փետրվարն է:

Աշխարհի բնակչության մոտ 0.69 տոկոսի` 4 միլիոն մարդու ծնունդ գրանցված է հենց այս օրը: Մեծամասամբ փետրվարի 29-ին ծնվածների ամսաթիվը շատ հաճախ ծնողներն արհեստականորեն տեղափոխում են մարտի 1-ի վրա, ինչը շատ սխալ է, քանի որ կյանքում ոչինչ պատահական չի լինում, նշում է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Նա այսպես է բնութագրում փետրվարի 29-ին ծնվածներին. - «Կարծում եմ, էմոցիոնալ, մարդիկ պետք է լինեն: Միայն այն, որ մի քանի տարին մեկ պետք է նշեն իրենց ծնունդը, սա իրենց դարձնում է յուրահատուկ, եւ այդ յուրահատկությունը զգալով մարդ ուզում է փնտրել` որտեղ է կայանում իր այդ յուրահատկությունը: Այս մարդկանց կառանձնացնի այն հատկանիշը, որ նրանք մի փոքր ավելի շատ կքննեն իրենց հոգու մեջ եղած ուժերը»:

Առաջին անգամ փետրվարի 29-ի նորամուծությունն առաջարկել է ծագումով հույն Պտղոմեոս փարավոնը: Սակայն նրա հրամանից հետո էլ այդ օրը չկիրառվեց: Նահանջ տարին հայերի մեջ առաջացել է այն ժամանակ, երբ գործածության մեջ է մտել Հուլյան տոմարը:

Փետրվարը միշտ համարվել է ամենացուրտ ու ամենավտանգավոր ամիսը: Մարդկանց սնահավատության համաձայն` հենց փետրվար ամսին շվոտները` չար ոգիները, սկսում են անհանգստանալ, այցելում են մարդկանց ու գողանում իրենց երեխաներին: Մեր օրերում էլ մարտի 1-ին շատ գյուղերում շվոտներին քշում են ` «շվոտը դուրս, մարտը` ներս» կարգախոսով: Տոմարի մասնագետ Լիլիթ Սիմոնյանն ասում է, որ հին ժամանակներում մարդիկ ունեին վտանգավոր օրերի մասին իրենց պատկերացումները: Դա կոչվում էր օրահմայություն: Աստղաբանի հավաստմամբ` որքան շատ իմանանք մեզ շրջապատող աշխարհի մասին, այնքան վախերը քիչ կլինեն, ու սնահավատության առիթ չի լինի:

Գուրգեն Հովհաննիսյանը կտրականապես հերքեց նաեւ 2012 թվականին սպասվող, այսպես ասած, աշխարհի վերջը` բացատրելով. - «Այդպիսի բան գոյություն չունի, եւ պետք չի ավելորդ նեգատիվով լցնենք մեր մտքերը: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ 2012 թվականի աշխարհի վերջը միայն մարդկանց մտքում ա, միայն մարդկանց գլխում է դա տեղի ունենում, եւ հետեւաբար միայն մարդիկ կարող են կասեցնել այդ «աշխարհի վերջը»:

please wait

No media source currently available

0:00 0:06:26 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG