Մատչելիության հղումներ

Մանկատան շրջանավարտների խնդիրը դեռ չի լուծվում


Մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու խնդիրը այսօր քննարկվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Շահագրգիռ կողմերը հավաքվել էին` խնդիրը նորից քննարկելու եւ լուծման համար օպտիմալ տարբերակներ գտնելու համար:

Երեխաների հարցերով զբաղվող իրավապաշտպան Աիդա Մուրադյանի խոսքով, մանկատան շրջանավարտների մի ստվար զանգվածի թողել են բախտի քմահաճույքին:

«Որոշ աղբյուրներում այդ զանգվածը հիշատակվում է 300 անձ, որոշ աղբյուրներում 200 անձ եւ խնդիրը շարունակական բնույթ է կրում այն իմաստով, որ յուրաքանչյուր տարի մանկատնից դուրս են գալիս 35-40 երեխա, որոնք համալրում են այդ ցուցակը», - ասաց Մուրադյանը:

Կառավարությունը դեռ 2003-2010 թվականներին «Պետական աջակցություն ՀՀ մանկատան խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 149 շրջանավարտների ապահովել է բնակարանով, սակայն, քանի որ հաշվառված է եղել 500 շրջանավարտ, ապա ստացվում է, որ 351 շրջանավարտ դեռեւս բնակարանային խնդիր ունի:

Սակայն Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը նշում է, որ ըստ կառավարության 2011 թվականի նոյեմբեր ամսվա տվյալների, այդ երեխաների թիվը 321 է

«Երբ հարցնում ես լիազորված մարմիններին, թե ի՞նչ պիտի լինի այս երեխաների վիճակը, չկա որեւէ հստակ պատասխան, ծրագիր, թե ինչ են նախատեսում անել: 2010 թվականից այս ծրագրի համար կառավարությունը ոչ մի լումա չի հատկացրել, քանի որ կառավարությունն էլ է հասկացել, որ այն գումարները, որ տրվել են մի լավ կերակրաման էր որոշակի մարդկանց համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշում է, որ ծրագրի սկզբում նպատակ ունեին շրջանավարտներին ապահովել բնակմակերեսով, եւ քանի որ այն ժամանակ պետությունը հնարավորություն ուներ, նախարարությունը գնաց առանձին բնակարաններ տրամադրելու ճանապարհով: Պայմանագրեր կնքվեցին որոշ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պարտավորվեցին դաշտն ուսումնասիրել եւ կառավարությանը ներկայացնել, թե քանի երեխա ունի բնակարանի խնդիր:

«Պետությունը գումարը հատկացնում էր, «Պետական գնումներում» անցկացվում էր մրցույթ, ասում էին այսքան բնակարան է պետք, այսքան բաշխվածության, թվերը տալիս էին ՀԿ-ները, ասում էին բնակարանները գնեք, որ հերթում եղած համապատասխան մարդկանց տանք: Բանից պարզվեց, որ մրցույթները շահած կազմակերպությունները գումարը ստանում էին, հետո նորմալ բնակարանները չէին տալիս, ժամանակին չէին իրացնում: Քրեական գործեր հարուցվեցին, խոսքը շինարարների մասին է, եւ բոլոր գումարները տույժ-տուգանքով վերադարձվել են պետբյուջե», - պարզաբանեց փոխնախարարը:

Հայ օգնության միությունը 2006 թվականից պետական ծրագրի շրջանակում ուսումնասիրում է ոլորտի խնդիրները: Միության երեւանյան գրասենյակի կոորդինատոր Աննա Մնացականյանը նշում է, որ ծանոթ են մոտ 260 երեխաների սոցիալական պատմությունների եւ հավաստիացնում է` դրանք մեկը մյուսից սարսափելի են:

Մանկատան նախկին շրջանավարտ Արտակ Սարգսյանը, դուրս գալով մանկատնից, զբաղվում է հենց մանկատան շրջանավարտների խնդիրներով, շատ լավ ծանոթ է նրանց կենցաղին ու ապրելակերպին: Ներկայացնելով մանկատան շրջանավարտների հավաքական կերպարն ու ձայնը` նա առաջարկում է, որ ծրագիրը շարունակական բնույթ ստանա:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ծրագիրը չի վերսկսվում, Ֆիլարետ Բերիկյան պատասխանեց. - «Երբ մենք ժամկետն ավելացրեցինք մինչեւ 2010 թվականը, եւ երբ այդ չարաշահումները սկսվեցին, 2007-2008 թվականներին ուսումնասիրություններն արվեցին, մեզ մոտ էլ խնդիրներ առաջացան եւ ես ինքս բազմիցս զեկուցագիր եմ գրել, ասել եմ այս տեխնոլոգիան լավը չի»:

ՀՕՄ-ի ներկայացուցիչ Անահիտ Մնացականյանը նշում է, որ ծրագիրը վերսկսվել է, սակայն ձեւաչափն է փոխվել:

«Պետությունն առաջարկում է սոցիալական տներ, մենք գոհ ենք, հիմա մենք ուզում ենք առաջարկել նաեւ, որ ներառենք մանկատան շրջանավարտներին երիտասարդների համար նախատեսված տարբեր ծրագրերի մեջ, հիփոթեքային ծրագրերի վարկերի մեջ, որտեղ կարելի է որոշակի արտոնություններ տալ մանկատան շրջանավարտներին: Հիմա առաջնային խնդիրը հանրակացարանային հարցն է, որպեսզի մարդիկ, որ հայտնվում են անօթեւան վիճակում, գոնե ծածկ ունենան գիշերելու ու վարձի խնդիր չլինի», - ասաց Մնացականյանը:

Բերիկյանը ցավով նշում է, որ, այնուամենայնիվ, շրջանավարտները վերոնշյալ տարբերակի հետ էլ համաձայն չեն. - «Երբ երկիրը լավ վիճակում էր ու բնակարաններ էր հատկացնում, ապա այդ նախադեպը տեսնելով, չեն ուզում միասին ապրել: Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ առանձին բնակարաններ էլ լինեն, բայց երբ այսօր երեխաները փողոցում են հայտնվել, մաքսիմալիստ չլինենք ու փորձենք այս երեխաներին ծածկով ապահովել», - ասաց նա:

Արտակ Սարգսյանը, ի պատասխան Բերիկյանի դիտարկմանը, ասաց, որ մանկատան շրջանավարտները համաձայն չեն, քանի որ նման կերպ իրենք ստիպված են կախման մեջ գտնվել պետությունից ողջ կյանքի ընթացքում:

Խնդրի շուրջ վերջնական որոշումը կողմերը կկայացնեն փետրվարի 24-ին կայանալիք հանդիպումից ու քննարկումից հետո:
please wait

No media source currently available

0:00 0:06:14 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG