Մատչելիության հղումներ

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10.3 տոկոսով


Հայաստան -- Իրանցի զբոսաշրջիկները Երեւանում, 21-ը մարտի, 2011թ.
Հայաստան -- Իրանցի զբոսաշրջիկները Երեւանում, 21-ը մարտի, 2011թ.
Անցյալ տարի Հայաստան է այցելել շուրջ 758 հազար զբոսաշրջիկ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պերոսյանը:

«Բավականին մեծ տոկոս են կազմում ԱՊՀ տարածքից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները, որից հետո` եվրոպական տարածաշրջանից զբոսաշրջիկներ են: Լուրջ հոսքեր ունենք Ճապոնիայից, սկսվել են նաեւ հոսքեր հարավ-արեւելյան Ասիայից», - հայտարարեց Պետրոսյանը` եզրակացնելով. - «Մի խոսքով, աշխարհագրությունը բավականին ընդլայնվում է»:

Այլ տվյալներ ունի տեղական տուրիստական գործակալություններից մեկի տնօրեն Կարեն Անթաշյանը: Նրա խոսքով, զբոսաշրջիկ դիտարկվող Հայաստանի այցելուների մեծ մասը շարունակում են մնալ Սփյուռքի մեր հայրենակիցները:

«Իսկ անցած տարի [զբոսաշրջիկների] այդպիսի մեծ թիվը հավանաբար կապված է մի շարք համահայկական միջոցառումների անցկացման հետ», - հավելեց նա` հիշատակելով, մասնավորապես, Համահայկական խաղերը:

Պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ 2010-ի համեմատ` 2011 Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 10.3 տոկոսով: Զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաները, ինչպես միշտ, լավատես են:

«2012-ին նախատեսվում է հատել 800 հազարի սահմանը», - ասում է էկոնոմիկայի փոխնախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե միգուցե Հայաստան այցելողների մեծ մասը արտերկրում ապրող հայերն են, ովքեր Հայաստանով հետաքրքրված են ոչ թե որպես տուրիստական երկիր, այլ գալիս են տեսնելու իրենց հարազատներին, էկոնոմիկայի նախարարի տեղակալը արձագանքեց, թե Հայաստանի այցելուների մեջ մեծ թիվ չի կազմում այն մարդկանց թիվը` «որոնք կարող են Հայաստան ժամանելիս դասվել տուրիզմի ոլորտում»:

«Դա կարող է տատանվել 7-8 տոկոսի սահմաններում», - պարզաբանեց Արա Պետրոսյանը` հավելելով. - «Բայց այդ տիպի տուրիզմ` էթնիկ տուրիզմ, որ այդ երկրի ներկայացուցիչները լքել են երկիրը, որից հետո դարձել են այդ երկրի տուրիզմը զարգացնելու լոկոմոտիվները, դա բնորոշ է Իռլանդիային, Իսրայելին, Չինաստանին, Իտալիային եւ շատ այլ երկրների: Դրա մեջ ոչ մի բացասական երեւույթ չկա»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներգնա տուրիզմին եւ հայկական տուրիստական փաթեթներին` պաշտոնյան հավաստիացնում է, որ գները մատչելի են:

«Բացառությամբ մեկ-երկու հյուրանոցների, մեր բոլոր մնացած հյուրանոցները իրենց գներով բացարձակապես բարձր չէին տարածաշրջանի երկրների նմանատիպ հյուրանոցներից», - ասաց Արա Պետրոսյանը:

Հիշեցնենք` Համաշխարհային տնտեսական ֆորումի «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցում 139 երկրների շարքում Հայաստանը 90-րդ տեղում է:

Փոխնախարարի հետ համաձայն չէ տուրիստական ընկերության տնօրենը. - «Նույն Անթալիայի ծովափնյա հյուրանոցը կարող է ավելի էժան գին առաջարկել, քան, ասենք, Ջերմուկի` իր ծառայությունների որակով դրան մի քանի անգամ զիջող հյուրանոցը»:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2011-ին ամբողջ աշխարհում տուրիստական հոսքերի աճ է նկատվել` 4.5 տոկոսով, եւ զբոսաշրջիկների բացարձակ թիվը կազմել է 980 միլիոն:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG