Մատչելիության հղումներ

Հայաստանում կայացե՞լ է ընտանեկան բժշկության ինստիտուտը


1990-ական թվականների վերջին առողջապահության նախարարությունը որոշեց, որ ընտանեկան բժիշկների մոդելը հարկավոր է իրագործել նաեւ Հայաստանում` առողջության առաջնային պահպանման համար:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ առաջին քայլերը եղան արտասահմանյան փորձի ուսումնասիրությունն ու առաջնային օղակների բժիշկների վերապատրաստումը:

Արդյո՞ք մեր հասարակությունը հեշտ ընդունեց ընտանեկան բժիշկ ունենալու փաստը, միանշանակ դրական կամ բացասական գնահատական տալ հնարավոր չէ: Մանկաբույժ, գենետիկ, թոքաբան, ընտանեկան բժիշկ Արտյոմ Գասպարյանը վերապատրաստված առաջին ընտանեկան բժիշկներից է: Նա նշում է, որ սկզբում մարդկանց մոտ ընտանեկան բժիշկն ավելի շատ ասոցիացվում էր «ծանոթ բժիշկ» ասվածի հետ:

Թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը նշում է, որ սկզբում հասարակությանը դժվար էր ընդունել, որ մեկ բժիշկը կարող է փոխարինել տարբեր նեղ մասնագետների: Սակայն նա դրական է համարում այսօրվա վիճակը: Բադալյանը նշում է, որ մարդիկ արդեն քիչ-քիչ ընդունում են, որ ավելի լավ է երեխայի առողջությանը հետեւի մեկ բժիշկ ու շարունակաբար ողջ կյանքի ընթացքում` իմանալով նրա ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական ու սոցիալական խնդիրները: Բայց բացասական է համարում, որ ընտանեկան բժիշկների նկատմամբ լիարժեք վստահություն հանրության կողմից դեռեւս չի դրսեւորվում:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ պոլիկնիկաները ստեղծվել են անցյալ դարի 20-ական թվականներին եւ այն ժամանակ խնդիրը ինֆեկցիոն հիվանդությունների ու ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով մահացությունների դեմ պայքարելն է եղել, մինչդեռ այսօր այդ խնդիրը չկա, այսօր պետք է պայքարել օնկոլոգիական, կարդիոլոգիական, էնդոկրին հիվանդությունների դեմ:

«Ընտանեկան բժշկի խնդիրը հիվանդությունների կանխումն ու վաղ շրջանում բացահայտելն է»,- նշում է Խաչատրյանը:

Հարցի շուրջ «Մաքսլիբերթի»-ն զրուցել է նաեւ երեւանցիների հետ: Շատերը նշեցին, որ ընտանեկան բժիշկ չունեն եւ այդ մասին մտածելու միտք ու ժամանակ էլ չեն ունեցել:

Թիվ 17 պոլիկլինիկայի ընտանեկան բժշկության բաժնի կոորդինատոր Ժաննա Պապոյանը նշում է, որ ընտանեկան բժշկի, դերի ու նշանակության մասին հասարակությանն իրազեկելու խնդիր ունեն նաեւ բժիշկները:

«Ընտանեկան բժիշկն, առաջնային այն բժիշկն է, որը սպասարկում է բնակչությանը, այսպես ասեմ, զրոյից մինչեւ կյանքի վերջ: Եթե պրոբլեմն էլ չլուծի, ճիշտ մասնագետի մոտ կուղղորդի», - ասում է Պապոյանը:

Ընտանեկան բժիշկների մոտ գրանցվելն ու այցելությունները կատարվում են անվճար: Հիվանդներին այցելել բժիշկները չեն զլանում, հատկապես, երբ խոսքը հաշմանդամների կամ ծերերի մասին է:

«Ազգաբնակչության մեծ մասն օգտվում է նրանից, որ կանչերն անվճար են եւ իրենք տանը նստած, շատ ներողություն, մի քիչ գլուխն է ցավում, դրսում ցուրտ է եւ նման ուրիշ բացատրություններով բժշկին են հրավիրում իրենց տուն: Եղել է գնացել եմ, հասել եմ տուն, հիվանդն ինձ դրսում է դիմավորել, դե եթե կարողանում ես տանից դուրս գալ, ինչու չես գալիս պոլիկլինիկա: Կխնդրեմ բնակչությանը մոտեցեք մեզ, որպես ձեզ մոտիկ, մտերիմ հարազատի, մենք էլ նույն կերպ ձեզ մոտենանք», - ասում է Ժաննա Պապոյանը:

Մասնագետները փաստում են, որ ոլորտի կայացման համար դեռ շատ անելիք կա: Այսօր Հայաստանում վերապատրաստվել է մոտ 1800 բժիշկ եւ 1500 քույր` հիմնականում թերապեւտներ ու մանկաբույժներ, որոնցից 600-700 աշխատում են գյուղերում:

Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ այս ծրագրի կայացման համար 2012-ը բարեբեր տարի է լինելու:

«Պոլիկլինիկաների վերաբերյալ մի մոդել ենք մշակելու, որը կհամապատասխանի արդի իրավիճակին, իսկ տարեվերջին կունենանք մեծ միջազգային համաժողով, որտեղ մասնագետների ու շահագրգիռ անձանց հետ կքննարկենք, թե որն է այն ճանապարհը, որով պետք է գնալ առողջության առաջնային պահպանման, զարգացման գործում», - ասում է Խաչատրյանը:

please wait

No media source currently available

0:00 0:09:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG