Մատչելիության հղումներ

Նորաստեղծ հանձնաժողովը կզբաղվի պաշտոնյաների գործունեության թափանցիկությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, հանձնաժողովի անդամներ են նշանակվել Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը եւ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Այսօր հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների հետ իր հանդիպման ժամանակ ասել է, որ հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է եւ «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, շահերի բախման դեպքերի եւ էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը եւ այլ գործառույթներ:

«Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ», - ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը նշել է, թե հանձնաժողովի կայացման ու զարգացման գործում ակնկալում է աշխատանքային սերտ հարաբերություններ բոլոր այն պետական մարմինների հետ, որոնք կիրարկելու են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ` ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները պետք է պատշաճ ուշադրության արժանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG