Մատչելիության հղումներ

Բնապահպանները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության որոշումը


Այս տարվա ապրիլին կառավարության կայացրած որոշմամբ Սյունիքի մարզի 6 գյուղական համայնքների գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերը ճանաչվել էին հանրային գերակա շահ եւ փոխվել էր դրանց կարգավիճակը՝ գյուղատնտեսականից դառնալով արդյունաբերական նշանակության հողեր:

Ավելի պարզ ասած, որոշում էր կայացվել, որ այդ հողերի հաշվին պետք է մեծանա Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին տրամադրվող հողերի քանակը, որոնցից Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղերի հողատարածքների հաշին ընդլայնվելու է գործարանի պոչամբարը, իսկ սահմանամերձ Քաջարան գյուղի հողատարածքներն անմիջականորեն պետք է օգտագոծվեն հենց հանքի շահագործման համար:

Գյուղացիները չեն ցանկանում եւ չեն պատրաստվում հրաժարվել իրենց հողերից եւ տներից: Նրանք պնդում են, որ եթե գյուղի հողերը տրամադրվեն պղնձամոլիբդենային գործարանին, գյուղի առանց այն էլ վատ էկոլոգիական վիճակն ավելի կվատանա եւ այնտեղ հնարավոր չի լինի ապրել:

«Գյուղի բնակիչները ասում են, որ կոմբինատին պատկանող հանքում 200 տարվա պաշար կա: Այս դեպքում ինչո՞ւ պետք է գյուղի տարածքը օտարվի եւ տրվի կոմբինատին: Գյուղացիները միաբերան նշեցին, որ պարզապես գյուղի տարածքում գտնվող հանքը շահագործելը շատ ավելի հեշտ է, քան այն պահեստային պաշարները, որոնք գտնվում են պղնձամոլիբդենային գործարանի տարաքում», - ասաց մի քանի օր առաջ Քաջարան այցելած բնապահպաններից Ռուզան Գրիգորյանը:

Բնապահպանները նշեցին, որ կառավարության որոշման մեջ չի նշվում, որ գյուղը պետք է տարհանվի, բայց դրանով այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ հնարավոր չի լինի այնտեղ ապրել.

«Եթե հանքը շահագործվի, մարդիկ կամ պետք է դուրս գան գյուղից, կամ մնան ու մահանան», - ասաց Հասմիկ Էվոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քաջարան գյուղի գյուղապետը հրաժարական էր տվել՝ հրաժարվելով ստորագրել համաձայանագիրը, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրվեն կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը: Եթե կառավարության որոշումն իրականացվի, ապա պետք է տարհանվի նաեւ Քաջարանի գերեզմանատունը:
Բնապահպանները նշեցին նաեւ, որ Քաջարանը սահմանամերձ գյուղ է եւ ուղիղ գծով 8 կմ հեռավորության վրա է գտնվում Նախիջեւանից.

«Փոխարենը բնակեցնենք սահմանամերձ տարածքները, մենք ասում ենք, դե պայմաններ չկան, թող գնան այդտեղից մարդիկ», - ասաց Մարիամ Սուխուդյանը:

Բնապահպաններն ասացին, որ կառավարության որոշումը պետք է սկսի գործել հունվարի մեկից, բայց իրենք պահանջում են, որ այն չեղյալ հայտարարվի:

Պզնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերը պատկանում են գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը:

«Հիմնական հանքաքարը, որ Հայաստանի ընդերքից հանում են, տանում են Գերմանիա, իրենց տնտեսությունն են հարստացնում», - ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Իրենք դիմել են Հայաստանում Գերմանիայի դեսպանին, ով խոստացել է գնալ Քաջարան եւ տեղում ծանոթանալով իրավիճակին՝ իր կարծիքը հայտնել: Սամվել Հովհաննիսյանը հավելեց, որ հուսով են խնդիրը լուծել Գերմանիայի միջնորդությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:06:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG