Մատչելիության հղումներ

«Ձեռագործ բացիկը տրամադրություն եւ էներգիա է փոխանցում»


Մոտեցող տոները` Ամանորը եւ Սուրբ Ծնունդը առիթ հանդիսացան, որ նկարիչ-դիզայներ Մարիամ Մուղդուսյանը կազմակերպի բացիկներ պատրաստելու անվճար դասեր, որոնք կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 23-ը:

Մարիամը նշում է, որ շատ կուրախանար, եթե նման միջոցառումներ կազմակերպեն նաեւ այլ երիտասարդներ:

«Տեխնիկայով հագեցած դարաշրջանում նույնիսկ արվեստն է սկսել մեքենայանալ: Նկարում են համակարգչի միջոցով. ավելի արագ է ստացվում, մատչելի եւ մարդկանց դուր է գալիս», - նկատում է Մարիամը:

«Ամանոր է, ձեռագործ բացիկներով կարող ենք մեր մտերիմներին ուրախացնել, դրան գումարած հաճույք ստանալ ստեղծագործական պրոցեսից», - ասաց դասընթացի մասնակիցներից Լիլիթը եւ հավելեց, որ հիմա շատերը չեն գնահատում այն աշխատանքը եւ ջանքերը, որ ներդրվում է բացիկ պատրաստելու ընթացքում. նրանց համար կարեւոր է նվերի արժեքը:

Սիլվանան նշում է, որ իր համար լավագույն նվերը ձեռքի աշխատանքն է, եւ իր շրջապատում նույնպես գնահատում են ձեռագործությունը: Նա պատմում է, որ ժամանակ առ ժամանակ փորձել է պատրաստել բացիկներ. - «Հուսով եմ, որ այս դասերի ընթացքում կսովորեմ ավելի պրոֆեսիոնալ անել դա», - ասում է նա:

«Ձեռագործ բացիկներում մարդկային գործոնը շատ է եւ խորհրդանշական է այն առումով, որ փոխանցում է պատրաստողի տրամադրությունը եւ էներգիան», - նկատում է Մարիամը, ով բացիկներ պատրաստելը դեկորատիվ արվեստ է համարում:

Մեր համաքաղաքացիներից ոմանք հիշում են իրենց երեխաների նվիրած բացիկները, որ պատրաստում էին դպրոցում` ուսուցիչների նախաձեռնությամբ:

Հարցումների ընթացքում պարզվեց, որ երիտասարդների շրջանում դեռ պահպանվել է բացիկներ պատրաստելու ավանդույթը: Նրանց մեծ մասը նախընտրությունը տալիս է ձեռագործ բացիկներին, սակայն բացիկն ընտրելիս հաշվի են առնում այն մարդու տարիքը, ում նվիրելու են:

Ձեռագործ բացիկներ վաճառվում են նաեւ խանութներում: Դրանց արժեքը սկսվում է 1500 դրամից: Խանութի աշխատողները նշեցին, որ մարդիկ դրանք շատ են հավանում, սակայն ոչ բոլորն են գնում` արժեքի պատճառով:

please wait

No media source currently available

0:00 0:06:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG