Մատչելիության հղումներ

2012-ից գործելու է նպաստների նոր տեղեկատվական համակարգը


Պետական նպաստների նոր տեղեկատվական համակարգով տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է առցանց:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը 2011 թվականը եզրափակում է սոցիալական պաշտպանության ոլորտում նոր սերնդի տեղեկատվական համակարգի ներդրմամբ:

«Համակարգն ունի այնպիսի հնարավորություն, որ անմիջապես կհայտնաբերի այն քաղաքացուն, որ չպիտի լինի այս համակարգում: Քաղաքացի, որը թաքցրել է իր եկամուտները, կամ իր եկամուտների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվությունը թաքցրած քաղաքացին ստանում է ընտանեկան նպաստ, նոր համակարգի կիրառումից հետո այլեւս անհանար է, որ այդ քաղաքացին մնա համակարգում», - ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարը բացատում է, որ նոր համակարգը կօգնի հեռացնել համակարգից բարձր եկամուտ կամ մի քանի տեղ աշխատող մարդկանց` նրանց փոխարեն ներառելով առավել կարիքավոր ընտանիքների:

Այսուհետ պետական նպաստների համակարգը բոլորի համար լինելու է թափանցիկ ու հասանելի: Համակարգի վրա սկսել են աշխատել 2006 թվականից` սոցիալական ապահովության քարտերի համարները իրենց տեղեկատվական կամ այլ գերատեսչությունների շտեմարաններ ներմուծելուց հետո, բայց հիմնական աշխատանքը կատարվել է վերջին երկու տարիների ընթացքում:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը հավատացնում է. - «Ինքնաշխատ փոխանակման համակարգը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն պետության գրեթե բոլոր հիմնական տեղեկատվական բազաներից: Սա քաղաքացիներին ձերբազատում է տասնյակ տեղեկանքներ ներկայացնելու պարտականությունից»:

Համակարգը տալու է քաղաքացու սոցիալական պատկերն ամբողջությամբ` աշխատում է, թե ոչ, որտեղ է գրանցված, ինչպիսի ընտանիքի կազմ, ինչ եկամուտներ ունի, եթե գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, ինչպիսի հողատեսակներ ունի:

«2010 թվականի դեկտեմբեր ամսին համակարգն ունեցել է 104.000 ընտանեկան նպաստ ստացող ընտանիք: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը կրճատվել են մինչեւ 82.000-ը», - նշում է Արթուր Գրիգորյանը:

Քաղաքացու անձնագրի կամ սոցիալական քարտի համարը բավական է տվյալ քաղաքացու մասին տվյալ համակարգից ամբողջական տեղեկություն ստանալու համար:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG