Մատչելիության հղումներ

Անկախության տարիների հայ ժամանակակից արվեստը` մեկ գրքում


Հայաստանի մշակույթի նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցավ անկախության 20-ամյակին նվիրված «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» պատկերագրքի շնորհանդեսը եւ գրքում ներառված 36 ժամանակակից հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսը:

Պատկերագրքի հեղինակը իտալաբնակ լրագրող եւ արվեստի մեկնաբան Ասիեհ Նասսեհի Ջավանն է:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ պատկերագրքում ընդգրկված են ավագ, անկախության սերնդի, ինչպես նաեւ վերջին տարիներին ասպարեզ ելած հայաստանաբնակ երիտասարդ արվեստագետները, ովքեր հայ ժամանակակից արվեստի զարգացման գործում զգալի ներդրում են ունեցել:

«Ցուցահանդեսը, ինչպես նաեւ գիրքը Հայաստանի ժամանակակից արվեստը, որում ներառված են կերպարվեստ, քանդակ, գրաֆիկա, ներկայացնում են պատմական կտրվածքով ` 1980-ականներից մինչեւ մեր օրերը:Մենք նախապատվությունը տվել ենք երիտասարդներին, որոնց աշխատանքներն այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում ներկայացվելու խնդիր ունեն», - ասաց արվեստաբան Լիլիթ Սարգսյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ասաց, որ ներկայումս Հայաստանն ունի չափազանց մրցունակ երիտասարդ արվեստագետներ, որոնց պարզապես պետք է աջակցել.- «Մեր այս նախաձեռնությունը 3 նպատակ է հետապնդում` ներկայացնել Հայաստանի ժամանակակից արվեստի առավել տաղանդավոր ներկայացուցիչների աշխատանքները, նրանց մատույցներ տրամադրել միջազգային շուկա, ներկայացնել Հայաստանը եւ է՛լ ավելի հայտնի դարձել հարուստ մշակույթ ունեցող երկիրը»:

Անդրադառնալով հայ արվեստագետների աջակցման, նրանց արտասահմանում ներկայացնելու խնդրին` մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ օրերս Christie's աճուրդում ներկայացվել են նաեւ հայ արվեստագետների աշխատանքները:
XS
SM
MD
LG