Մատչելիության հղումներ

Հինգ րոպեով կույր


Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր «4 զգայարան» ինտերակտիվ միջոցառումը, որի ընթացքում եղավ գինու համտես մութ սենյակում։

Մատուցողի դերում էին ինչպես տեսողական խնդիրներ ունեցող, այնպես էլ այդպիսիք չունեցող անձինք:

Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրների հանդեպ շրջապատի հասկացողության եւ իրազեկության մակարդակը։

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Բադալյանը նշեց, որ փորձել են կյանքի կոչել Իսրայելի փորձը, որտեղ կա սրճարան, ուր մատուցողները տարբեր հաշմանդամություն ունեցող անձինք են, կա թատրոն, որտեղ ներկայացումը խաղում են հաշմանդամները, եւ կա վայր, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն մութ սենյակում ճաշելու, գինի խմելու, որպեսզի անձամբ զգան այն, ինչ ամեն օր ապրում են կույր մարդիկ:

Միջոցառման ընթացքում ներկաները 5-6 հոգանոց խմբերով մտնում էին լիովին մութ մի սենյակ, որտեղ նրանք ոչ միայն գինի էին համտեսում, այլեւ բեմադրված ներկայացման ունկնդիրներն էին:

Մութ սենյակից դուրս եկողները նշում էին. - «Առաջին մի քանի վարկյաններին խուճապի էինք մատնվել, սակայն հետո սկսեցինք ուշադրություն դարձնել խոսակցություններին, եւ ամենից շատ հիմնվում էինք լսողական զգայարանի վրա»:

Կույրերը շատ դժվարությունների են հանդիպում, բայց երբ հաղթահարում են` կարողանում են դրսեւորել իրենց տարբեր բնագավառներում: Լուսինեն մասնագիտությամբ հոգեբան է եւ նշում է, որ դժվարությունները հաղթահարել է իր համառ բնավորության շնորհիվ. - «Ամենալուրջ խնդիրը մեր երկրում առկա ստորեոտիպներն են, սակայն երբ մենք մեզ անկաշկանդ ենք պահում, չենք խուսափում հասարակությունից, մարդիկ սկսում են սովորականի պես ընդունել մեզ»:

24-ամյա Մարինկան տեսողական խնդիրներ ունի, ու չնայած դրան` համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ եւ դրան զուգահեռ` երգում է Կույրերի միավորման երգչախմբում:

please wait

No media source currently available

0:00 0:06:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG