Մատչելիության հղումներ

Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հայրենիքում կներկայացվի 1.5 տարի անց


Նոյեմբերի 19-ին Բեռլինում Մյունխենի կամերային նվագախմբի եւ «Ռիաս» կամերային նվագախմբի կատարմամբ եւ նրանց պատվերով կայացավ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի պրեմիերան:

Ստեղծագործությունը նվիրված է հայ ազգի համընդհանուր ցավին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաեւ իր նախնիներին, ում կոմպոզիտորը կորցրել է 1915 թվականին: Մանսուրյանը նշեց, որ ինքը հիմնվել է հայկական երաժշտական ավանդույթների վրա:

«Ռեքվիեմ»-ի տեքստը լատիներեն է. - «Համընդհանուր այս լատիներենը ես համարեցի ճիշտ, որպեսզի ցանկության դեպքում տարբեր երկրների երգչախմբեր հեշտությամբ կարողանան այն կատարել: Ես միացրեցի իրար լատիներեն լեզուն եւ հայերեն երգեցողությունը», - ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը շուրջ 10 տարի աշխատել է «Ռեքվիեմ»-ի վրա:

Հայտնի երգահանը Հայաստանի կառավարությունից դեռեւս որեւէ աշխատանքի պատվեր չի ստացել, սակայն, ինչպես ինքն ասաց, շատ հաճելի կլիներ նման աշխատանք կատարել հենց հայրենիքում: Ընդամենը մեկ նման դեպք է հիշում, սակայն բանակցությունները չեն տվել անհրաժեշտ արդյունք, քանի որ պատվիրատուն չի համաձայնել վճարել անհրաժեշտ գումարը:

«Մեծ ցանկություն ունի այստեղ համերգներով հանդես գալու, սակայն մեր լսարանը, դահլիճները, կարողությունները շատ չեն, իսկ դրսում միանգամայն այլ է», - ասում է Մանսուրյանը:

«Ռեքվիեմ»-ի պատվիրատուների կողմից կա պայման` ստեղծագործությունը մեկ ու կես տարի պետք է կատարեն միայն գերմանական երգչախմբերը, սակայն նրանք ցանկություն են հայտնել գալ եւ երգել նաեւ Հայաստանում:
XS
SM
MD
LG