Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները


Վերջին 10 ամիսների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 13,5 տոկոս աճ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վստահ է, որ այս թիվը մինչ տարեվերջ կաճի եւ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 800.000-ի սահմանը:

«Նույնիսկ ճգնաժամի ժամանակ ոչ միայն նվազում չունեցանք, այլեւ դրական զարգացումներ կային, այնպես որ, ոլորտը, չնայած տնտեսական ճգնաժամին, դրսեւորեց կայուն տնտեսական աճ», - նշում է նախարարը:

Տիգրան Դավթյանը վստահ է` նման տեմպերով2-3 տարվա ընթացքում Հայաստանը կհատի 1 միլիոն զբոսաշրջիկ ընդունելու շեմը: Նախարարը նշում է, որ պատահական չէ, որ կառավարությունն այս ոլորտը համարել է գերակա ուղղություն, որի համար անմիջական բյուջետային աջակցություն է նախատեսում:

«Տուրիզմը երկրի համար կարող է լուրջ եկամուտներ ապահովել եւ Հայաստանն ունի լավ հնարավորություններ», - ասում է նա:

Միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայան, վերանորոգվող ճանապարհներ ու լավ հյուրանոցային ենթակառուցվածքներ. Տիգրան Դավթյանի խոսքով` սրանք կարեւոր պայմաններ են զբոսաշրջիկի ուշադրությունը Հայաստանի վրա կենտրոնացնելու համար, իսկ Հայաստանն այսօր դա ունի: Սակայն նախարարը վստահ է, որ այսքանով սահմանափակվել չի կարելի, նպատակ կա Հայաստանը դարձնել զբոսաշրջության կենտրոն տարվա չորս եղանակներին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք Սեւանի ավազանում նոր տուրիստական բարձր լեռնային սպորտային վերապատրաստման կենտրոն ստեղծելու ծրագիր ունեն: Ավարտվել է ծրագրի առաջին փուլը` տեխնիկատնտեսական հիմնավորումը:

«Ծրագիրը դեռ ներդրողների հետ չի քննարկվել, բայց հուսով ենք կքննարկվի նաեւ լայն շրջանակների հետ, քանի որ բոլոր շահառուների կարծիքը շատ կարեւոր է», - նշեց նա:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը նշում է, որ ոլորտն ունի կրթություն ստացած մասնագետների ու արդեն գործող աշխատողների վերապատրաստման խնդիր:

«Նոյյան տուր» կազմակերպության փոխտնօրեն Սոֆիա Սարգսյանի խոսքով, իրենք գրանցել են կարեւոր եւ ուրախալի փաստ, որ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն առաջին անգամ այցելած զբոսաշրջիկների համար: Այցելուներ ունենում են Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, սակայն հիմնական այցելուները ռուսներն են, որոնք նաեւ հետաքրքրված են ձմեռային սպորտաձեւերով: Սակայն Սոֆիան ցավով նշում է, որ ֆինանսական առումով Հայաստանը տուրիստների համար այնքան էլ մատչելի չէ, օրինակ, հարեւան Թուրքիայի համեմատ:

«ՌՈՒՄԵԱ» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանը համաձայն է, որ Հայաստանում առաջարկվող հանգստի գները բարձր են, մասնագետներն էլ կրթվելու կարիք ունեն։ Խոսելով այլ խնդիրներից` նա նշում է. - «Մեզ նախեւառաջ պետք են տուրիստական կարգի հյուրանոցներ: Մեր հյուրանոցների սեփականատերերը կառուցելուց 4-5 աստղից պակաս հավակնություն չունեն, իսկ տուրիստներին պետք են պարզ եւ հասարակ հյուրանոցներ: Դրանց առկայության դեպքում տուրիստական փաթեթը կլինի ավելի գրավիչ: Երկրորդը` մենք ունենք խնդիր հանրապետությունը աշխարհում ներկայացնելու, ինչքան մասնագիտական միջազգային ցուցահանդեսներին մասնակցենք, այնքան շատ տուրիստ կբերենք Հայաստան»:

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG