Մատչելիության հղումներ

«Հանուն բնության պահպանության» բողոքի ակցիա


Այսօր Ազգային ժողովի շենքի մոտ խմբված «Հանուն բնության պահպանության» բողոքի ակցիայի մասնակիցները հնչեցրեցին իրենց դժգոհությունները շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի առնչությամբ: Ակտիվիստները հասարակական քննարկումներ են պահանջում:

Բնապահպանների ու իրավաբանների հավաստմամբ, Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվող օրենքի նախագծում կան բազմաթիվ բացթողումներ եւ բնության պահպանության համար վտանգավոր կետեր:

Լրագրող-բնապահպան Նարե Գրիգորյանի խոսքերով, իրենց հավաքի պահանջն է օրենքների համաձայնեցումը հասարակության ու բնապահպանների հետ:

«Մենք, լինելով բնության գրկում, զգում ենք տենդի աղբյուրը որն է: Պետք է տենդի կոճակը տան. եթե չեն տալիս, բնությունը քայքայվում է: Նման ակտիվություն դրսեւորելով կոփվում ես ոչ միայն դու, ոչ միայն պաշտպանում ես բնությունդ, այլ նաեւ ոգու կամք ես ձեռք բերում: Շատ մոտ ենք Ազգային ժողովին կանգնած, շատ բարձր ենք գոռում, հույս ունենք` կլսեն», - «Մաքսլիբերթիի» հետ զրույցում ասաց Նարե Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարությունը իր պատրաստած այս նախագիծը ներկայացրել է կառավարությանը, ստացել համաձայնությունն ու ուղարկել Ազգային ժողով, նշում է իրավաբան Մարի Խաչատրյանը: Ազգային ժողովում իրավական փորձաքննության վարչությունը դրական եզրակացություն է տվել` հուսախաբ անելով Հանրային քննարկումներին սպասող հանրությանը:

Ակցիայի ակտիվիստներից Ապրես Զոհրաբյանն ասում է` Հայաստանը հիմա կանգնած է «էկոգաղութացման» խնդրի առջեւ:

«Առաջ եթե 5 հեկտար անտառ հատելու համար բնապահպանական փորձաքննություն պետք է լիներ, տվյալ օրենքով ուզում են այդ տեսակի սահմանափակումները հանեն», - պնդում է ակտիվիստը:

Համախմբված բնապահպաններն ու մտահոգ քաղաքացիները պատրաստվում են շարունակել իրենց բողոքի ակցիաները ու ներկայացնել բնապահպանական տեսանկյունից օգտակար ու անհրաժեշտ իրենց առաջարկները:
XS
SM
MD
LG