Մատչելիության հղումներ

iPhone 4S-ն արդեն Հայաստանում է


Նոյեմբերի 11-ից iPhone 4S-ը հասանելի է ավելի քան 70 երկրում, այդ թվում նաեւ iPhone-ի հայ երկրպագուների համար: Ի դեպ Հայաստանն ԱՊՀ-ի տարածքում առաջինն է ներկայացնում iPhone-ի այս մոդելը: Արտաքին տեսքով iPhone 4S-ը նույնն iPhone 4-ն է։

- Այսօր հանդիպումներ ունե՞մ:
- Այո, երեքը:
- Այսօր ձյուն սպասվո՞ւմ է:
- Ոչ, ես այսօր ձյուն չեմ տեսնում:

Ասպես iPhone 4S-ի անձնական ասիստենտը` Սիրին, ձեզ հետ կխոսի, ձեր հարցերին կպատասխանի ու եթե ցանկանաք` ձեզ նաեւ կհիշեցնի պայմանավորվածությունների ու կատարելիք զանգերի մասին: Սակայն մեկ պայմանով` եթե իր հետ կխոսեք մաքուր անգլերենով ու բրիտանական կամ ամերիկյան ակցենտով: Հակառակ դեպքում կպատասխանի այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի ու ինչ կցանկանա:

Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը, խոսելով հեռախոսի առավելություններից նշում է. - «A5, A2 պրոցեսորով հեռախոս է, նույն պրոցեսորն է, ինչ կիրառվում է iPad 2-ի մեջ: Բացի այդ, տեսախցիկը բավականին բարելավվել է. եթե նախկինում 5 մեգապիքսել էր, հիմա 8 է, նաեւ` մեկ ոսպնյակ ավելի է, որը էականորեն փոխել է նկարի որակը: Հիմա արդեն հնարավորություն կա HD վիդեո նկարել 1080p կատեգորիայով ու կադրերի քանակը վայրկյանում 30 ֆրե»:

iPhone 4S-ը թողարկվում է սեւ եւ սպիտակ գույներով՝ 16 Գբ, 32 Գբ եւ 64 Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS5 օպերացիոն համակարգով, որը, տեղադրվելով iPhone 4S հեռախոսների վրա, շուրջ 200 լրացուցիչ ֆունկցիաներ է տալիս հեռախոսին` iOS-ի նախկին թողարկումների եւ iPhone-ի ավելի հին մոդելների համեմատ:

Արսեն Հովհաննիսյանը նշում է. - «Ամենակարեւորը Սիրիի` անձնական ասիստենտի առկայությունն է, որը հնարավորություն է տալիս խոսել հեռախոսի հետ, ձայնով կառավարել, հանդիպումներ նշանակել, տեղեկություններ ստանալ: Վերջին ամենակարեւորը iCloud-ի հնարավորությունն է, որը թույլ է տալիս ձեր նկարները, երաժշտությունը, կոնտակտները, էլեկտրոնային նամակները պահել iCloud -ում, ու եթե մի տեղ դուք փոփոխություն եք անում, բոլոր ձեր UP սարքերը, որոնք միացած են այդ համակարգին, անմիջապես այդ փոփոխությունը տեղի է ունենում նաեւ այդ սարքերում»։

Արսեն Հովհաննիսյանի խոսքերով` թերեւս միակ «թերությունը» այս բոլոր ֆունցիաներին ծանոթանալն ու ճիշտ օգտագործելն է:

Պետք է նշել, սակայն, որ iPhone 4S հեռախոսն այնքան էլ կատարյալ չէ, որքան ներկայացնում է hայաստանյան ներկայացուցիչ «Օրանժ» ընկերությունը:

Միացյալ Նահանգներում, որտեղ հեռախոսը ավելի վաղ է ներկայացվել, օգտագործողները արդեն իսկ բազմաթիվ բողոքներ են ներկայացրել Apple ընկերությանը` հիմնականում հեռախոսի մարտկոցի չափազանց արագ լիցքաթափման հետ կապված:

Ամերիկյան CNET-News մասնագիտացած կայքի փոխանցմամբ, հեռախոսն ունի մեկ այլ խոշոր բացթողում` iPhone 4S-ի անձնական ասիստենտի` Սիրիի օգտագործման դեպքում հեռախոսագրքի, անձնական օրագրի եւ էլ. փոստի ֆունկցիաները կարող են հասանելի լինել, նույնիսկ եթե հեռախոսը պաշտպանված է գաղտնագրով: Այլ կերպ ասած` հեռախոսն օգտագործողի անձնական տվյալների պաշտպանվածությունը բավարար մակարդակի վրա չէ:

Հավելենք, սակայն, որ երկու օր առաջ արդեն Apple ընկերությունը թողարկել է iOS 5-ի առաջին թարմացումը, որը նախատեսված է վերոհիշյալ թերությունները շտկելու համար:

Հայաստանյան օգտագործողների համար կարեւոր մեկ այլ հանգամանք` iPhone 4S-ը վաճառվում է արգելափակմամբ` այն հնարավոր կլինի օգտագործել միայն «Օրանժ»-ի քարտերով: Հեռախոսը, առանց ամսական բաժանորդագրության, կարժենա 275 հազարից (մոտ 720 դոլար) մինչեւ 450 հազար դրամ` կախված հեռախոսի հիշողությունից (Գբ):

please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG