Մատչելիության հղումներ

Մանկատան երեխաների կյանքը մանկատնից դուրս գալուց հետո


Անտանելի ապրելակերպ՝ մանկատնից հետո
please wait

No media source currently available

0:00 0:06:24 0:00

Արդեն 20 տարի է Գայանե Սահակյանը մանկատնից տեղափոխվել ու բնակվում է Լամպերի գործարանի հարակից տարածքում մանկատան երեխաներին հատկացված հանրակացարանի սենյակներից մեկում:

Գայանեն մեկ սենյակում բնակվում է իր երկու որդիների հետ: Երկու տարի առաջ ավագ որդուն ճանապարհել է բանակ եւ արդեն պատրաստվում է որդու վերադարձին: Կրտսեր որդին էլ 17 տարեկան է, աշխատում է մոր հոգսը թեթեւացնելու համար: Որեւէ մեկից աջակցության ու օգնության հույսը կտրած կինը որդիներին միայնակ է մեծացրել:

«Գնացել ենք թաղապետարան, դուռ ենք ծեծել, դիմում ենք գրել, դիմումը մերժվել ա: Ասել են` գնա վաղը արի, դիմումը թող սեղանին: Ինձ թվում ա` մեր հետեւից իրանք դիմումը պատռում, շպրտում են, մենք գնում ենք դիմումի համար, ասում են` սպասեք, չկա, կորել ա: Դե մեքն էլ գիտենք ու երկրորդ անգամ էլ էդ դուռը չենք թակում», - «Մաքսլիբերթի»-ին պատմում է Գայանեն:

Գայանեի խոսքով` իրեն օգնության ձեռք են մեկնել միայն հասարակական ու բարեգործական կազմակերպությունները: Այս կերպ` իրեն հատկացված ամսական 50 դոլարով, սնունդով ու հագուստով Գայանեն կարողացել է 8 տարի հոգ տանել երեխաների մասին: Գայանեն նշում է, որ երբեք էլ աշխատանքից չի խուսափել, իհարկե, եթե առողջական վիճակը ներել է: Նա ողնաշարի ու ձեռքերի հետ կապված խնդիրներ ունի:

Գայանեն նշում է, որ անկախ վիճակից` ինքը հպարտ է, որ հայկական բանակի համար երկու զավակ է լույս աշխարհ բերել: Ամսի 10-ին էլ լրանում է ավագ որդու 20-ամյակը, մտածում է` միջոցներ հայթայթի, որ այդ օրը կարողանա որդուն զորամասում անակնկալ մատուցել: Գայանեի խոսքով` որդին բանակում իր պարտքն է կատարում առողջական խնդիրներն անտեսելով:

«Ծնված օրվանից միշտ հիվանդանոցի դռներն եմ ընկել աղիքային [խնդիրների պատճառով], մինչեւ բանակ գնալը երեք ամիս պառկած ա եղել, գլխի խնդիրներ ուներ: Կամիսիա չանցավ, մեղքը մերն էր, հա զանգում էին, չէր գնում: Առավոտ շուտ էլ եկան տնից տարան սբոռնի պունկտ, երկու օր պահեցին, ստուգեցին, թե իրա հիվանդությունը ո՞ւմ վրա սարքեցին, ազատեցին, ինքն էլ գնաց ծառայեց», - ասում է Գայանեն:

Գայանեն պատմում է, որ զորամասում բժիշկների խորհրդով որոշել էր նամակ գրել պաշտպանության նախարարին ու պատմել որդու առողջական խնդիրների մասին: Նամակը գրել էր, մնում էր նախարարին փոխանցել, երբ ստացավ որդու զանգը, որ միեւնույն է հետ չի գալու, ավելի լավ է նամակը պատռել, շպրտել, քանի որ ինքը մինչեւ վերջ ծառայելու է:

«Մաքսլիբերթի»-ն շրջեց նաեւ շենքով` ծանոթանալու նրանց կենցաղային պայմաններին: Պատկերը խիստ մտահոգիչ էր. ընդհանուր սանհանգույց, որից միայն անունն է մնացել, ցուրտ ու խոնավ սենյակներ` առանց ջեռուցման, շենքում վթարային վիճակներ: Այսպիսի պայմաններում բնակվում է մանկատների նախկին սաների 13 ընտանիք:

Լուսինե Սիմոնյանը այստեղ է բնակվում 1991 թվականից, եկել է Գավառի մանկատնից: Սովորել է 9-րդ ուսումնարանում, հետո կրկին բարեգործական կազմակերպությունների շնորհիվ Երեւանի քոլեջներից մեկում ու ստացել ատամնաբույժի մասնագիտություն: Լուսինեն եւս նշում է, որ աշխատանքից երբեք չի խուսափել: Աշխատել է նույնիսկ մանկատանը բնակվելու տարիներին` սկզբում սրճարաններում` որպես մատուցողուհի, որից հետո արդեն 9 տարի է մաքրում է պարսկահայերի բնակարաններն ու այս կերպ վաստակում օրվա հացը:

«Անգամ պետական գործ, որ ուզենանք ընդունվենք աշխատանքի, մեզ չեն ընդունի, որովհետեւ ասում են մանկատան երեխեք են, գող են, էս են, էն են: Դրա համար ես աշխատում եմ պարսկահայերի մոտ, շատ լավ վերաբերվում են, ոնց որ ծնողներս լինեն», - ասում է Լուսինեն:

Լուսինեն 3 տարի առաջ է ամուսնացել եւ արդեն մեկ դուստր ունի: Նա ասում է` ամուսինը քաղաքում չէր, իսկ այդ պայմաններում դստերը մեծացնելը սարսափելի ծանր էր, բայց բարեգործական կազմակերպություններ գտնվեցին, որոնք կանգնեցին Լուսինեի ու դստեր կողքին: Մանկապարտեզների անվճար դառնալուց հետո Լուսինեն դստերը տանում է մանկապարտեզ, ինքն էլ գնում աշխատանքի: Նշում է, որ առաջվա նման շատ աշխատանք չունի, բայց ամսվա մեջ մի քանի անգամ տուն մաքրելու պատվերներ ունենում է:

Լուսինեն նշում է, որ երեխաներ շատ է սիրում ու շատ երեխաներ ունենալու կողմնակից է, բայց հաշվի առնելով իրենց պայմաններն ու ընտանեկան 30 հազար դրամ բյուջեն, շատ զավակներ ունենալու մտքից ուղղակի հրաժարվել են:

Պետությունը Լուսինեին բնակարան հատկացրել է, բայց տեղափոխվել դեռ դժվարանում է` պատճառներ ունի. - «Ստեղ երեխեքն ինձ օգնում են: Ես աշխատանքի եմ, իրանք գնում, էրեխուն մանկապարտեզից բերում են, էնտեղ մենակ եմ, ոչ ոք չկա: Դրա համար ասում եմ` թողեք հունի մեջ ընկնեմ, հետո կտեղափոխվեմ: Կանչել ասում են` տունդ ձեռքիցդ կվերցնենք: Ես էլ ասում եմ, եթե վերցնեք, ես էլ երեխուս կբերեմ ձեր դռան դեմը կդնեմ»:

Բնակիչների խոսքով` պետությունը բնակարան է հատկացնում միայն նրանց, ովքեր հանրակացարան են եկել 1991 թվականից հետո: Ավելին, զգուշացրել են, որ մարտից պետք է ազատեն սենյակները:

«Որ կանգնում, ասում են` էս անենք, էն անենք, ոչ մի բան էլ չկա, բայց հեսա ընտրություններ եկան, ամենաառաջինը լցվելու են էս հանրակացարան, որովհետեւ գիտեն ստեղ սպայկա կա, ստեղ մի մեծ խումբ ա, բայց ուրիշ ժամանակ մենք քարտեզից դուրս ենք»,- նշում են նրանք:
please wait

No media source currently available

0:00 0:07:46 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG