Մատչելիության հղումներ

Երեւանում բացվել է անգլիացի նկարչի աշխատանքների անհատական ցուցահանդեսը


Րիս Ուայդհեդի աշխատանքներից մեկը:
Րիս Ուայդհեդի աշխատանքներից մեկը:

Նուռը, Արարատը եւ օղու շիշը այն երեք սիմվոլներն են, որոնք անգլիացի նկարիչ Րիս Ուայթհեդը պատկերացնում է Հայաստան ասելիս:

24-ամյա նկարիչն առաջին անգամ է Հայաստանում, արդեն 2 ամիս է, ինչ բնակվում եւ աշխատում է այստեղ: Հայաստանում է Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի «Արտ Կոմունա» արվեստագետների միջազգային կացարանի ծրագրի շրջանակներում, երբ այլազգի արվեստագետն ապրում է մի երկրում եւ նախագիծ է ներկայացնում՝ այդ երկրում իր փորձառության վրա հիմնվելով:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Րիսը նշեց, որ դա երկիրը ճանաչելու ու հասկանալու լավագույն ձեւն է: Ինքն արդեն հասցրել է զգալ Հայաստանի եւ հայերի որոշ առանձնահատկությունները:

«Իմ սիրած զբաղմունքը երթուղայիններով երթեւեկելն է: Ես խորհուրդ կտայի մարդկանց գալ Հայաստան միայն երթուղայիններով երթեւեկելու համար: Չեմ կատակում, դա ամենաբարյացկամ միջավայրն է, որտեղ երբեւէ եղել եմ: Մարդիկ վերցնում են պայուսակդ, օգնում են երեխաների հետ բարձրանալ մեքենա: Շատ է տարբերվում Լոնդոնի մետրոյից», - կեսկատակ-կեսլուրջ ասաց Րիսը եւ հավելեց, որ դեռ չի հանդիպել մեկին, ում մասին վատ կարծիք ունենա:

Այս երկու ամսվա ընթացքում ճանապարհորդել է երկրով, զրուցել է մարդկանց հետ ու նաեւ տեսել այն բոլոր խնդիրները, որ առկա են Հայաստանում:

«Հայաստանը հրաշալի երկիր է, բայց դեռ անորոշություն կա, թե ինչպիսին է լինելու նրա ապագան, թե ինչպես է վերաբերում անցյալին, եւ իվերջո որտեղ է իր տեղը՝ Եվրոպայո՞ւմ, թե՞ Ասիայում: Ընդհանուր առմամբ, իմ կտավները ներկայացնում են այն դրական զգացողությունները, որ ունեցել եմ Հայաստանում: Այդուհանդերձ, դեռ հարցեր կան, որոնց պատասխանը չեմ գտել», - ասաց Րիսը:

Նա պատմեց, որ արտասահմանում Հայաստանը հիմնականում ներկայանում է իր անցյալով, միջնադարյան արվեստով, ինչը այսօրվա Հայաստանի մասին պատկերացում չեն տալիս:

«Ամենամեծ խնդիրը, որ նկատել եմ, դա այն է, որ Հայաստանը չի մտածում իր ներկայի կամ ապագայի մասին, այլ մշտապես վկայակոչում է անցյալը: Ես շատ հարցեր ունեմ, որովհետեւ այս երկրում լավ ժամանակ եմ անցկացրել, եւ ինձ մտահոգում է, թե ինչպիսին է լինելու նրա ապագան: Այստեղ շատ մարդիկ կան, ովքեր այդ հարցը տալիս են», - ասաց նա:

Երեկ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Րիսի «Հայաստան 1» ցուցահանդեսը, որն իր առաջին անհատական ցուցահանդեսն է: Կտավներում ներկայացրել է իր տեսած, զգացած ու պատկերացրած Հայաստանը: Աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է, բայց Հայաստանին նվիրված այս շարքում ներառել էր նաեւ որոշ սիմվոլներ: Մի նկարում, մասնավորապես, առկա էր Արարատ սարը եւ տառեր հիշեցնող սիմվոլներ:

«Սա Արարատն է: Հայկական էսթետիկան ներկայացնող նկար է: Այդ տառեր հիշեցնող սիմվոլները հայերենը ներկայացնելու փորձ էր, այն հայերենը, որով մենք շրջապատված ենք այսօր: Եթե հստակ ինչ-որ բան ուզեի գրել, իհարկե, կարող էի ճշտել եւ հստակ հայերեն գրել, օրինակ մյուս նկարների վրայի սիմվոլներն էլ ռուսերենի վրա են հիմնված: Այսպիսով ուզել եմ ներկայացնել Հայաստանի իմ միջավայրը եւ Հայաստանից ստացած իմ տպավորությունները»:

Րիսն ասաց, որ Հայաստանում դեռ զգացվում է խորհրդային տարիների ազդեցությունը, եւ նույնիսկ առօրյա լեզվում շատ ռուսերեն բառեր են օգտագործվում: Այս նկարով ուզել է երկու խնդիր մատնանշել. այն, որ հայերենի վրա դեռ կա ռուսերենի ազդեցությունը, եւ այն, որ հայերը դեռ աշխարհին են ներկայանում ստերեոտիպներով, այնպիսին, ինչպիսին արդեն դարձել է, օրինակ, Արարատը:

Հայաստանում գտնվելու ժամանակ մասնակցել է տեղի հասարակական եւ քաղաքական իրադարձություններին, զրուցել է Ազատության հրապարակում ցույցի դուրս եկած մարդկանց, թոշակառուների հետ, փորձել է հասկանալ նրանց վիճակը:

Այս ցուցահանդեսի միջոցով էլ ցանկացել է փոխանցել այդ ամենը` իր դիտարկումները, մտահոգություններն ու կարծիքները Հայաստանի մասին, իր տեսած Հայաստանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG