Մատչելիության հղումներ

Սեռական դաստիարակությունն ու հասարակության դիրքորոշումը


Երեխայի սեռական ճիշտ դաստիարակության համար կարեւոր են ծնողների նորմալ փոխհարաբերությունները:

Վերջերս հաճախակիացել են տարօրինակ սեռական բռնությունների կամ ինքնասպանությունների մասին հաղորդագրությունները` 80-ն անց տատիկների բռնաբարություն, երեկ էլ Կիեւյան կամրջից 28-ամյա կնոջ ինքնասպանություն... եւ այլն:

Սակայն տպավորությունը, որ Հայաստանում աճել է բռնաբարությունների ու ինքնասպանությունների թիվը, չի հաստատվում, քանի որ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության այս տարվա առաջին ութ ամիսների վիճակագրության` սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նվազել է 15.2 տոկոսով 2010 թվականի համեմատությամբ: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասում է` ոչ թե դեպքերն են շատացել, այլ լուսաբանողները:

Անդրադառնալով ինքնասպանության դիմելու պատճառներին` հոգեբանը նշում է, որ առաջնային պատճառը դեպրեսիան է, իսկ դեպրեսիայի պատճառները հազարավոր են:

Սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ նշում է, որ դեպրեսիայից զատ պատճառները պետք է փնտրել նաեւ ընտանիքում, այսինքն, թե ինչ միջավայրում է ծնվել ու մեծացել երեխան: Իսկ բռնաբարության դրդող առաջին պատճառներն, ըստ Շահրամանյանի, կապված է նա հետ, թե ինչ վիճակում է եղել անձի, երեխայի սեռական դաստիարակությունը, կամ եղե՞լ է առհասարակ դաստիարակություն թե` ոչ:

Ընտանիքում բռնությունը, ծեծը, վեճերը միանշանակ բացասաբար են անդրադառնում երեխայի սեռական դաստիարակության վրա: Շահրամանյանն ասում է` այդ ամենի ազդեցությունը երեխայի մոտ կդրսեւորվի 10-ը տարեկանից հետո, երբ երեխան կփորձի գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները ընտանիքից դուրս: Շահրամանյանը նշում է, որ սեռական դաստիարակության մասին խոսելը դեռեւս չի նշանակում սեռական հարաբերությունների մասին խոսել: 0-5, 5-10, 10-15 տարեկան հատվածում պետք է փուլ առ փուլ երեխային տալ ճիշտ ինֆորմացիա:

«Սկզբնական շրջանում երեխային հետաքրքիր է, թե որտեղի՞ց է ինքը լույս աշխարհ եկել, ո՞վ է ինքը, իրեն հետաքրքրում է իր մարմինը: Այսինքն եթե նա շոշափում է իր սեռական օրգանները կամ հարցեր է տալիս, պետք չէ երեխային պատժել, ինչը հաճախ արվում է` այն էլ կոպիտ ձեւով: Դա երեխայի բնական հետաքրքրությունն է իր մարմնի հանդեպ ու նա փորձում է բացահայտել ինքն իրեն: Պետք չէ պատմություններ հորինել «մեշոկ պապիների», կաղամբի կամ արագիլի մասին: Որովհետեւ հետագայում պատկերն ավելի վատը կլինի. երեխան ձեզ տվյալ պահին կհավատա, իսկ հետո դրսից ճիշտն իմանալու դեպքում կապրի իր առաջին դեպրեսիան ու կկորցնի հավատը ձեր նկատմամբ», -նշում է սեքսոլոգը:

Շահրամանյանը վստահեցնում է` սեռական ճիշտ դաստիարակության համար կարեւոր են ծնողների նորմալ փոխհարաբերությունները: Հոգեբանն էլ ավելացնում է, որ որ շատ հաճախ, երբ ծնողներն ամուսնալուծված են եւ տղա երեխան մեծանում է այնպիսի միջավայրում, որտեղ հիմնականում կանայք են, դա կարող է բերել սեռային ինքնագիտակցության խանգարման:

Մասնագետները նշում են, որ դեռահասության շրջանում տղայի ճիշտ դաստիարակության մեջ մեծ դեր ունի հայրը:

«Գալիս են ծնողներ իրենց տղայի ձեռքից բռնած ու ասում են, որ ես տղայիս մոտ նկատել եմ ձեռնաշարժության երեւույթներ, եւ բերել եմ, որ դուք բացատրեք, որ դա հիվանդության է բերում: Այսինքն ապատեղեկատվության աստիճանը հասնում է այն սահմանին, որ ծնողը համոզված է, որ այն ինչը բնորոշ է այդ տարիքի երեխայի համար` որպես սեքսուալության դրսեւորում, դա խնդիր է, իսկ որտեղից է ծնողն իմանում, որ դա խնդիր է, բնականաբար ամսագրերից, խոսակցություններից, ինտերնետից, որը ողողված է նման ապատեղեկատվությամբ», - նշում է սեքսոլոգը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասում է, որ 3-5 տարեկանում երեխաներն ունենում են սիրահարվածության առաջին զգացմունքը. սիրահարվածություն ծնողների նկատմամբ: Այդ տարիքում է, որ, օրինակ, որդին կարող է խանդել հորն ու հայտարարել, որ ամուսնանալու է մոր հետ: Հոգեբանը նշում է, որ շատ ընտանիքներում երեխան իր այդ զգացմունքի համար արժանանում է պատժի, այնինչ այդ շրջանում ուղղակի պետք է հաճախակի խոսել հենց սիրո զգացմունքի մասին: Խուդոյանը նշում է, որ սիրո ամենապոռթկուն դրսեւորում լինում է 15 տարեկանում, ու հենց այդ տարիքում է առաջանում սեռական պահանջմունքը:

«6, 7, 8-րդ դասարաններում երեխաներն անկառավարելի են դառնում, եւ դա այդ բուռն աճի եւ սեռական պահանջմունքի ակտիվացման, սեռական հորմոնների տասնապատիկ ավելի արտադրության հետեւանք է, որոշ առումներով, սեռային ինքնագիտակցության ձեւավորման պահ է: Եվ այստեղ, որպես դաստիարակության հարց ուղղակի կմեջբերեի կիսավայրենի ցեղերի սովորույթները, որոնք լավագույն դաստիարակության մոդելներն են. կանայք ձեռնադրում են` դու տղամարդ ես ու պետք է անես այս, այս, այս բաները, կնոջ հետ վարվես հետեւյալ կերպ, դու կին ես` պետք է անես հետեւյալ բաները, այսինքն նրանք հստակ տալիս են սեռային դերերի սցենարները: Եւ նրանք նման դեպրեսիաներ ու խնդիրներ չեն ունենում», - նշում է Խուդոյանը:

Սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ ավելացնում է, որ նաեւ պետք է վերահսկել ինֆորմացիոն դաշտը` երեխաներին ու ծնողներին ապատեղեկատվությունից զերծ պահելու համար:
please wait

No media source currently available

0:00 0:07:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG