Մատչելիության հղումներ

Պայքարող կենդանին՝ լուսանկարչական մրցույթի հաղթող


Կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված էին այգու հին ու նոր պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարները:

Ցուցահանդեսին ներկայացված այգու հին լուսանկարները տրամադրել էին Կենդանաբանական այգու այցելուները կամ հանվել էին այգու արխիվից: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում էր նաեւ վավերագրական ֆիլմ այն մասին, թե ինչպես է Կենդանաբանական այգի բերվել առաջին փիղը:

«Հին Կենդանաբանական այգու պատմությունն այնքան մեծ է, որ այստեղ մի կաթիլն է ներկայացված. սպիտակ արջը, բերբերյան առյուծը, գծավոր բորենին»,- ասաց Կենդանաբանական այգու աշխատակից Լեւոն Հակոբյանը:

Իսկ այգու նոր պատմության մասը կազմող կենդանիները դարձել էին Կենդանաբանական այգու 70-ամյակին նվիրված լուսանկարչական մրցույթի հերոսները: Ճաղերի հետեւի կապիկը եւ առյուծը արժանացան համապատասխանաբար առաջին եւ երկրորդ մրցանակներին պրոֆեսիոնալ լուսանկարների անվանակարգում։

«Փորձել ենք դրական նկարներ ներկայացնել, որպեսզի դրական կողմից ցույց տանք այգին ու ճաղերը չերեւան», - ասաց ժյուրիի անդամ Գեւորգ Գասպարյանը:

Մրցույթին, որն անցկացվում էր երկու անվանակարգերով՝ պրոֆեսիոնալ եւ սիրողական, մասնակցել էին 44 լուսանկարիչներ: Ինչո՞ւ, այդուհանդերձ, առաջին տեղը շնորհվեց ճաղերի հետեւում գտնվող կենդանու լուսանկարին հարցին, ժյուրիի անդամ Գեւորգ Գասպարյանը պատասխանեց, թե նկարում առկա պայքարի համար։

«Այս նկարում կենդանին կարծես ասում է՝ տվեք ինձ ազատություն», - ասաց նա:

«Շատ լավ է, որ սեւ ու սպիտակ է լուսանկարը, որովհետեւ այդպիսով հեղինակն ավելի է շեշտում կենդանու վիճակը, բողոքը: Գույնը մի քիչ մեղմացնում է, աչքը շոյում է», - հավելեց Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը:

Սիրողական մրցույթում առաջին տեղը գրաված Արմանի հիմնական զբաղմունքը անիմացիան է: Երեք լուսանկարները, որոնք ուղարկել է մրցույթին, ընտրել է տարբեր մարդկանց կարծիքների հիման վրա.

«Մոտ 100 նկարներից տասն էի ընտրել, հետո տարբեր մարդկանց ցույց տվեցի եւ նրանց կարծիքն էլ հաշվի առնելով՝ ընտրեցի այն երեքը որոնք ուղղարկեցի մրցույթին: Մենակ մի քիչ դժվար է ընտրել, աչքդ սովորում է դրանց արդեն», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG