Մատչելիության հղումներ

Այսօր տեսողության համաշխարհային օրն է


Հոկտեմբերի 13-ը տեսողության համաշխարհային օրն է
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00
Կույր եւ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, բացարձակ լուռ մարզադահլիճում փակ աչքերով պետք է գրավեն հակառակորդի դարպասը` ներսում զանգ ունեցող գնդակի միջոցով։

Խաղի ընթացքում դահլիճում պետք է տիրի քար լռություն, որպեսզի գոլբոլիստները լսեն գնդակի մոտենալու ձայնը:

Գոլբոլը պարալիմպիկ սպորտաձեւ է: Անցկացվում են գոլբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ։ Խաղի ընթացքում բոլոր մարզիկների աչքերը կապվում են, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար։ 18 մետր երկարություն եւ 9 մետր լայնություն ունեցող դաշտում խաղում են երեքական մարզիկներ երկու թիմերից:

«Գնդակը 1 կգ 250 գրամ է: Գնդակի մեջ կա զանգ, որը մարզիկներին հնարավորություն է տալիս կողմնորոշվել: Խաղը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն մարդկան համար, ովքեր պատերազմում էին կուրացել», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ֆեդերացիան դրամական օգնություն ստանալու նպատակով դիմել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը ու արդեն 3 տարի շարունակ ստանում է նույն պատասխանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին արդեն 10 տարի շարունակ աշխարհում նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի, «Հայկական ակնաբուժություն» նախագծի հայաստանյան գրասենյակի եւ մի շարք այլ հովանավորների աջակցությամբ այս տարի առաջին անգամ Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշվեց գոլբոլի մրցաշարով:

Ֆեդերացիայի տվյալներով, Հայաստանում տեսողության խնդիր ունի շուրջ 10.000 մարդ, որոնցից 6000-ն աշխատունակ է, բայց աշխատանքով ապահովված են շատ քչերը:

«Հայկական ակնաբուժություն» նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը «Մաքսլիբերթի»-ին ասաց, որ Հայաստանում ակնաբուժությունը դրված է բարձր մակարդակի վրա, թեպետ մարզերում դեռ կան խնդիրներ:

ԱՀԿ-ի տվյալներով` թեեւ տեսողության շեղումները հիմնականում տարածված են 50-ից բարձր տարիքի անձանց շրջանում, սակայն աչքերի որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ կատարակտը, կարելի է հեշտությամբ բուժել։

ԱՀԿ-ի նախորդ տարվա տվյալներով, աշխարհում տեսողության հետ կապված տարբեր աստիճանի խնդիրներ ունեցողների թիվը հասնում է 314 միլիոնի, որոնցից 45 միլիոնը կույրերն են։ Մինչեւ 15 տարեկան 1,4 մլն երեխա կույր է։

ԱՀԿ-ի մասնագետները վստահ են, որ այս դեպքերի գրեթե 50 տոկոսը հնարավոր էր կանխարգելել` եթե ժամանակին կանխարգելվեին եւ բուժվեին կատարակտ եւ գլաուկոմա հիվանդությունները: Տեսողության խնդիրներ ունեցողների 85 տոկոսն ապրում են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում։
XS
SM
MD
LG