Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 6-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանն ակնհայտորեն նախընտրական փուլում է, եւ ներքաղաքական իրադարձությունները հենց այդ տրամաբանությամբ էլ զարգանում են: Պարզապես այլ երկրներում նախընտրական ժամանակահատվածի հիմնական հարցն այն է լինում, թե ո՞ւմ է ընտրելու ժողովուրդը, իսկ մեզանում հիմնական հարցը հետեւյալն է` ժողովուրդը մասնակցելո՞ւ է ընտրություներին, թե՞ ոչ: Ինչո՞ւ: Որովհետեւ «ո՞ւմ է ընտրելու ժողովուրդը» հարցը մեզանում գոնե մասամբ հստակ պատասխան ունի` հաստատ գործող իշխանություններին չի ընտրելու: Սա, ի դեպ, միանգամայն հասկանալի է: Մարդկության պատմության ընթացքում չի եղել մի դեպք, որ տվյալ ժամանակահատվածում ժողովրդի կենսամակարդակը կտրուկ վատանա, եւ այդ նույն ժողովուրդը գնա ու ձայն տա գործող իշխանություններին: Չի' լինում այդպիսի բան: Իսկ Հայաստանում, անգամ պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մարդկանց կենսամակարդակը կտրուկ նվազել է, աղքատների եւ ծայրահեղ աղքատների թիվը գրեթե կրկնակի աճել է»:

«Երկիր»-ը նշում է. - «Հիմա Կոնգրեսը հայտնվել է բարդ երկընտրանքի առաջ: Կամ պետք է հայտարարի, որ իշխանությունն իրենց սահմանած մեկշաբաթյա ժամկետում ներկայացված 8 պահանջները չի կատարում, հետեւաբար պետք է շարունակել շուրջօրյա հանրահավաքները, կամ Ազատության հրապարակում հավաքվածներին ինչ-որ հնարքով համոզի, որ ճիշտ տարբերակն այս պարագայում շուրջօրյա հանրահավաքները դադարեցնելն է: Բայց ներկայիս գործընթացը շարունակելու որոշումն այդքան հեշտ չի լինելու կայացնել այն պարզ պատճառով, որ դա պահանջում է որակապես նոր խնդրի, օրակարգի ձեւակերպում: ՀԱԿ-ի ներկայիս հանրահավաքի անարդյունավետության գլխավոր պատճառը հենց գործողություններից զերծ լինելն է, իրական շարժման բացակայությունը: Մարդիկ աստիճանաբար սկսում են հարց տալ իրենց` ինչու են, ի վերջո, հավաքվել, եթե իրենց ոչ մի պահանջը չի կատարվելու, իսկ Կոնգրեսն էլ տեղից չի շարժվելու, մինչեւ ե՞րբ ու հանուն ինչի՞ սպասել»:

«Հայոց Աշխարհ»-ի «Իսկական ժողովրդավարության շինարարների մասին» հրապարակման մեջ կարդում ենք. - «Եթե Թատերական հրապարակում հավաքված առաջնորդների հայտարարությունները օլիգարխիայի վերջը տալու եւ հայոց աշխարհում իսկական ժողովրդավարության թագավորություն կառուցելու մասին նպատակ են հետապնդում զվարճացնել միտինգավորներին եւ մնացյալ ազգաբնակչությանը, ապա այդ խնդիրը նրանք հաջողությամբ հաղթահարեցին։ Եթե նպատակն այլ էր, ապա այն հասու չէ բանականությանը։ Դե լավ, եթե ուզում եք, խոսենք ժողովրդավարության մասին։ Հիացմունք է առաջացնում այն, թե որքան հեշտ ու անբռնազբոսիկ են շատերն աշխարհում գործածել ու գործածում «ժողովրդավարություն» բառը կանխահայտ ու ակնհայտորեն ոչ ժողովրդավարական կառույցների բնութագրման համար։ Մաքս Վեբերը՝ «պլեբիսցիտար ժողովրդավարության» հայեցակարգով, «էլիտար ժողովրդավարության» տեսաբանները (Յոզեֆ Շումպետեր, Ռոբերտ Դալ, Սեյմուր Լիպսետ, Ջովաննի Սարտորի), Գիլիերմո Օ’Դոնելը՝ իր «դելեգատիվ ժողովրդավարությամբ» եւ ուրիշները պնդում էին, թե «ժողովրդավարությունը» իրականում նշանակում է ոչ թե ժողովրդի կառավարում, այլ կառավարում ժողովրդի անունից, իրավունք, որը ձեռք է բերվում ընտրությունների միջոցով»։

«Առաջին լրատվական» կայքէջը մեջբերում է Nouvelles d'Arménie ֆրանսիական ամսագրին մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի տված հարցազրույցից մի հատվածը, ուր Ազնավուրը, մասնավորապես, ասում է. - «Իսկ Հայաստանը տառապում է, Հայաստանն օրեցօր դատարկվում է։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու դա։ Մաֆիայի մի քանի պարագլուխների՞»: Կայքէջը շարունակում է. - «Մեծանուն երգիչը, որը ներկայումս Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է, փաստորեն հայտարարում է, որ մաֆիան դատարկում է Հայաստանը: Հայաստանի արտագաղթի խնդիրը մտահոգում է նաեւ մեծանուն երգչին՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանին, եւ այստեղ արդեն հազիվ թե որեւէ ՀՀԿ-ական, որեւէ վարչապետ կամ նախագահ հայտարարի, թե ընդդիմությունը չափազանցնում է խնդիրը, եւ իրականում արտագաղթ կա, բայց դա ամենեւին սարսափելի ծավալների չէ: Ինչ էր անում իշխանությունը մինչեւ հիմա: Մի կողմ թողնենք արտագաղթի թեմայով կատակները, որ անում էր Տիգրան Սարգսյանը: Մինչեւ հիմա իշխանությունը հայտարարում էր, թե, ճիշտ է, գնացող կա, բայց այդ թիվն ամենեւին էլ սարսափելի չէ, եւ նույնիսկ լավ է, որ գնում են, աշխատում ու հետ գալիս՝ ապահովելով իրենց ընտանիքների բարեկեցությունը Հայաստանում: Նման դիրքորոշում կարող է ունենալ միայն անմեղսունակ եւ անկենսունակ իշխանությունը, որը բացարձակ պատկերացում չունի արտագաղթ երևույթի մասին»:
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG