Մատչելիության հղումներ

Վարշավայում մեկնարկում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը


Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովի մասնակիցները, 7-ը մայիսի, 2009թ.
Արեւելյան գործընկերության Պրահայի գագաթնաժողովի մասնակիցները, 7-ը մայիսի, 2009թ.
Եվրամիությունում նախագահող երկրի` Լեհաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը։

Սպասվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հարեւանության ծրագրին մաս կազմող այն երկրներին, որոնք ցանկանում են եւ ի վիճակի են ավելի խորը համագործակցություն սկսել ու աստիճանաբար ինտեգրվել Եվրամիության տնտեսությանը, կառաջարկվեն ասոցացման նոր համաձայնագրեր, որոնք ներառում են ազատ առեւտրի մասին համակողմանի պայմանավորվածություններ։

Գագաթնաժողովի բուն գործնական աշխատանքը կսկսվի վաղը եւ կավարտվի նույն օրը` ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ:

Հռչակագրի նախագիծը, որը, ամենայն հավանականությամբ, վաղը կընդունվի առանց փոփոխությունների, վերահաստատում է Եվրամիության երկրների հանձնառությունը այս ծրագրին, որով նախատեսվում է զգալիորեն խորացնել հարաբերությունները նախկին խորհրդային 6 հանրապետությունների հետ:

Փաստաթղթում նշված է, որ «գագաթնաժողովի մասնակիցները գտնում են, որ Արեւելյան գործընկերությունը պետք է զգալիորեն ուժեղացվի, եւ պարտավորվում են ակտիվացնել դրա իրականացումը»:

Հռչակագրի նախագծում շեշտվում է նաեւ, որ թեեւ ծրագրի արդյունքում Եվրամիության հարաբերությունները այդ 6 երկրների հետ վերջին տարիներին զգալիորեն խորացել են, դեռ շատ բան պետք է արվի ծրագրի հռչակած նպատակներին հասնելու համար:

Եվրամիությունը, ըստ հռչակագրի նախագծի, այսուհետ ավելի տարբերակված մոտեցում կցուցաբերի գործընկեր երկրների նկատմամբ: Դա նշանակում է, որ այն երկրները, որոնք կիրականացնեն իրապես լուրջ տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ, կկարողանան ավելի արագ եւ խորը ինտեգրվել Եվրամիությանը:

Պաշտոնյաները նշում են, որ Եվրամիությունը մտադիր է այսուհետ ավելի խիստ մոտեցում ցուցաբերել ժողովրդավարությանը, ազատ եւ արդար ընտրություններին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին Հայաստանում եւ մյուս 5 երկրներում:

Պաշտոնյաներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը «հույժ կարեւոր է Հայաստանի` Արեւելյան գործընկերության մեջ հաջող ներգրավման առումով»:

Արեւելյան գործընկերության ծրագրի ամենաշոշափելի արդյունքը, ինչպես հայտնի է, լինելու են այս վեց երկրների միջեւ ստորագրվելիք ասոցացման պայմանագրերը: Հայաստանի եւ Եվրամիության միջեւ պաշտոնական բանակցությունները այդ պայմանագրի շուրջ սկսվել են մեկ տարի առաջ, եւ հռչակագրի նախագիծը հաստատում է, որ այդ բանակցություններում գրանցվել է «զգալի առաջընթաց»:

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան։ Վեց երկրներից այս հարցում ամենաարագ առաջընթացն արձանագրել է Վրաստանը, որն արդեն ավարտել է բանակցություններն ու ստորագրել համապատասխան համաձայնագիրը Եվրամիության հետ։ Այդ փաստաթղթի շնորհիվ Վրաստանի քաղաքացիները այժմ գրեթե երկու անգամ ավելի քիչ գումար են մուծում մուտքի արտոնագրերի համար` 60-ի փոխարեն 35 եվրո։ Բայցի այդ, արտոնություններ են սահմանված մի խումբ քաղաքացիների` գործարարների, ուսանողների, լրագրողների, նաեւ` թոշակառուների, հաշմանդամների ու երեխաների համար, որոնք Եվրոպա ուղեւորվելու դեպքում կարող են մեկ անգամից մինչեւ հինգ տարվա մուտքի արտոնագիր ստանալ։

Արտոնագրերի մասով հռչակագրի նախագծում նշված է, որ Հայաստանը իշխանությունների հետ անցկացված նախնական քննարկումներում «լավ առաջընթաց է արձանագրվել»: Հարկ է նշել, որ դրանք դեռ պաշտոնական բանակցություններ չեն. դրանց մեկնարկի համար անհրաժեշտ է Եվրամիության բարձրագույն մարմնի` Եվրոպական խորհրդի թույլտվությունը` մանդատը: Պաշտոնյաներից մեկը Բրուսելում ասել է, որ այդ մանդատի տրամադրումը Եվրահանձնաժողովին «շաբաթների հարց է»:

Ազատ առեւտրի ոլորտում նախատեսվում է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործելու է ազատ առեւտրի մշտական ռեժիմ: Կա, սակայն, մի խոչընդոտ, որը կարող է ընդհանուր առմամբ դանդաղեցնել Հայաստանի մասնակցությունը այս ծրագրին: Խոսքը վերաբերում է Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքին. Հայաստան ներկրվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս մեր մաքսային մարմինները ղեկավարվում են ոչ թե ներկրողների ներկայացրած վճարային փաստաթղթերով, այլ իրենց կողմից հաստատված «հսկիչ գնացուցակներով»: Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմիններն այս համակարգը համարում են կամայական եւ համաշխարհային առեւտրի պայմաններին հակասող` պահանջելով, որ այն վերացվի առնվազն Եվրամիությանից ներկրվող ապրանքների մասով: Հայաստանի իշխանությունները առայժմ չեն շտապում դա անել, ուստի պատահական չէ, որ այս հռչակագրում չի նշվելու որեւէ կոնկրետ ժամկետ, թե երբ են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ սկսվելու պաշտոնական բանակցությունները ազատ առեւտրի վերաբերյալ:

Ուրբաթ օրը Վարշավայում կհավաքվեն Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարներն ու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Մոլդովայի ներկայացուցիչները։ Գրեթե բոլոր երկրները այսօրվա գագաթնաժողովում ներկայացված կլինեն առաջին դեմքերի, կառավարության ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով։

Հայկական պատվիրակությունը կղեկավարի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւս ստացել է մասնակցության հրավեր։

Բելառուսը գագաթնաժողովում ներկայացնելու համար հրավիրվել էր արտգործնախարարը, սակայն չորեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ բելառուսական պատվիրակությունը կգլխավորի Լեհաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Գայսենոկը։

Գագաթնաժողովին զուգահեռ` Վարշավայում եւ Սոպոտում կընթանան նաեւ ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը վերաբերող տարաբնույթ ֆորում-քննարկումներ։

Սա Արեւելյան գործընկերության պատմության ընթացքում երկրորդ մեծամասշտաբ գագաթնաժողովն է` առաջինը տեղի է ունեցել Պրահայում 2009 թվականի մայիսին։
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG