Մատչելիության հղումներ

Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է


ozon
ozon
Դեռ անցած դարի 70-ական թվականներից գիտնականներն ահազանգում էին, որ որոշ քիմիական նյութեր` ֆրեոնները, որոնք մեծ խումբ են կազմում եւ օգտագործվում են սառնարաններում, օդորակիչներում, աերոզոլներում, հալոնները, որոնք օգտագործվում են կրակմարիչներում, միթիլ բրոմիդը, որն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, քայքայում են օզոնային շերտը:

1985 թվականին աշխարհը եկավ ընդհանուր հայտարարի. Վիենայում որոշեցին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ օզոնային շերտը պաշտպանելու համար: Վիեննայի կոնվենցիան ստորագրեցին 20 երկրներ: Մինչ փորձագետները զբաղված էին հետագա անելիքները քննարկելով` «Nature» ամսագիրը տպագրեց բրիտանացի գիտնականների հետազոտությունը Անտարկտիդայում օզոնային շերտի սաստիկ քայքայման վերաբերյալ: Արբանյակային հետազոտությունը հաստատեց գիտնականների եզրակացությունը: Արդյունքում 1987 թվականի սեպտեմբերին ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը, համաձայն որի, պետք է կարգավորվեն օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունն ու գործածումը:

Հայաստանն էլ անմասն չմնաց այս գործընթացից ու 2005 թվականին Բնապահպանության նախարարությանը կից ստեղծվեց Օզոնի ազգային կենտրոնն ու սկսեց իրականացնել «օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինում եւ սառնարանային տեխնիկայի կառավարում» ազգային ծրագիրը:

«Հայպետհիդրոմետ» ծառայության գլխավոր ֆիզիկոս Դավիթ Մելքոնյանի խոսքով, Հայաստանի դերն այս խնդրի լուծման մեջ մի կաթիլ է օվկիանոսում:

«Օզոնային շերտը քայքայող նյութերի արտանետումները հիմնականում լինում են զարգացած, հզոր տնտեսություն ունեցող երկրներից: Իսկ Հայաստանի մասնակցությունը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ այս խնդիրը վերաբերում է բոլորին, ուրեմն բոլորն էլ պիտի մասնակցեն այս խնդրի լուծմանը», - նշում է Մելքոնյանը:

Օզոնի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լիանա Ղահրամանյանի խոսքով, Հայաստանը երբեք չի արտադրել օզոնային շերտը քայքայող նյութեր: Հայաստանը միայն եղել է ներմուծողի ու օգտագործողի դերում:

«2010 թվականի հունվարի մեկից արդեն արգելված է Մոնրեալի արձանագրության առաջին խմբի նյութերի ներմուծումը եւ արտահանումը: Մոնրեալի արձանագրությունն արգելում է ներմուծումն ու արտահանումը եւ արտադրությունը, սական չի արգելում տվյալ նյութերի գործածումը, քանի որ կան սառնարաններ, որոնք դեռ աշխատում են քլորֆտորածխածինով, կան օդորակիչներ եւ այլն», - հավելեց նա:

Դավիթ Մելքոնյանը նշում է, որ այդ սառնարաններն ու օդորակիչները վնասում են օզոնային շերտը միայն մարդկային անփույթ վերաբերմունքի արդյունքում:

«Վարպետը գալիս է սառնարանը վերանորոգելու, բացում է կոմպրեսորը, այդ նյութը արտանետվում է մթնոլորտ, ինքը սարքում է, նոր ֆրիոն է լցնում ու գնում: Այդ արտանետվածը կուտակվում, գումարվում է այլ սառնարաններից արտանետվածին եւ բարձրանում է վերնոլորտ: Վարպետը ֆրիոնը ոչ թե պետք է արտանետի օդ, այլ բալոնի մեջ հավաքի», - ասաց Մելքոնյանը:

Դավիթ Մելքոնյանի խոսքով, 90 ական թվականներին օզոնային շերտը գտնվել է գրեթե գերազանց վիճակում: Եվ դա ոչ թե մարդկային նվաճումների արդյունք էր, այլ ուղղակի կապված է եղել արեւի ակտիվության հետ, որի արդյունքում ստեղծման պրոցեսները գերակշռել են քայքայման պրոցեսներին: Սակայն այսօր օզոնային շերտը կրկին գտնվում է այն վիճակում, ինչ 60-70 ական թվականներին եւ վերականգնվելու համար կպահանջվի 40-50 տարի:

Հարցին, թե օզոնային շերտի քայքայման արդյունքում ինչ վնասներ կարող է կրել Հայաստանը, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. - «Օզոնային շերտի հետ կապված խնդիրներն ավելի վտանգավոր են մեզ համար, քան ցածրադիր գոտիների համար: Մեր միջին բարձրությունը 1800 մետր է, դա բավականին շատ է, եւ մենք խոցելի ենք»:

please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG