Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը հաստատեց Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին


Ջոն Հեֆերն
Ջոն Հեֆերն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի ուշ երեկոյան միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը:

Վերջինս փորձառու դիվանագետ է, ով արդեն շուրջ 30 տարի աշխատում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտում եւ ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն է:

Քվեարկությունից առաջ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, Հեֆերնը նշել էր, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղյան խնդրին ու հայ - թուրքական հաշտեցման գործընթացին: Անդրադառնալով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններին՝ դիվանագետը խուսափել էր ցեղասպանություն բառն օգտագործելուց` նշելով, որ «այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից»:

«Թեեւ Հեֆերնի պատասխանները այնքան էլ գոհացուցիչ չէին, եւ անգամ որոշ իմաստով վրդովեցուցիչ էին, այդուամենայնիվ, կարծում եմ, նա չանցավ Ցեղասպանության ժխտման կարմիր գիծը եւ վիրավորական հայտարարություններ չարեց Սենատի անդամների եւ հայկական ծագում ունեցող ամերիկահայերի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով. - «Մենք տեսանք նաեւ, որ նա հարցուպատասխանի ժամանակ շեշտը դրեց հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ընդլայնման վրա, ինչը, կարծում եմ, սենատորները ողջունում են»։

Նույն օրը հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ հաստատվել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեի թեկնածությունը, ինչը, սակայն, Ամերիկայի հայկական կազմակերպությունները դժգոհությամբ են ընդունել: Նրանց, մասնավորապես, զայրացրել է դեսպանի թեկնածուի այն հայտարարությունը, որի համաձայն՝ մինչեւ 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաեւ այսօր:

«Ռիչարդոնեի այդ հայտարարությունը վիրավորական լինելու չափ սխալ է եւ ցույց է տալիս, որ նա բավարար չափով հետաքրքրված չէ Թուրքիայում ապրող հայկական համայնքի խնդիրներով եւ կամ իսկապես տեղյակ չէ՝ ինչ դժվարությունների են բախվում քրիստոնեական եկեղեցիներն այդ երկրում», - հայտարարել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեզը եւ ընդգծել. - «Ամերիկային պետք է Թուրքիայում ունենալ մի դեսպան, որը կարող է աջակցել ու պաշտպանել Միացյալ Նահանգների դավանած արժեքներն ու շահերը, մինչդեռ ես կորցրել եմ վստահությունս, որ Ռիչարդոնեն ունակ է այդ առաքելությունը ստանձնել, այդ իսկ պատճառով դեմ եմ արտահայտվում նրա թեկնածությանը»։

Մենենդեզին այս հարցում միացել են նաեւ հայամետ երկու այլ սենատորներ՝ Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը: Մեծամասնությունը, սակայն, կողմ է արտահայտվել նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուի հաստատմանը՝ վկայակոչելով դիվանագետի փորձառությունն ու գիտելիքների պաշարը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանանալուց հետո երկու դիվանագետների թեկնածությունը պիտի քվեարկությամբ հաստատվի նաեւ Սենատի լիագումար նիստում, որից հետո միայն դեսպանները կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը Հայաստանում եւ Թուրքիայում:

«Թե երբ տեղի կունենա այդ քվեարկությունը, Սենատի որոշելիք հարցն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Համբարյանը՝ մանրամասնելով. - «Դա կարող է տեղի ունենալ հիմա կամ շաբաթներ անց։ Եվ այստեղ, եթե մեկ կամ երկու սենատոր լիովին անընդունելի համարեն դիվանագետի թեկնածությունը, նրանք կարող են օգտվել այն առկախելու իրենց իրավունքից»։

Հիշեցնենք՝ հենց այդպես վարվեց մեկ տարի առաջ արդեն նախկին սենատոր Սեմ Բրաունբեքը, ով առկախեց նույն Ֆրենսիս Ռիչարդոնեի նշանակումը՝ պնդելով, թե նա լավագույն թեկնածուն չէ Միացյալ Նահանգների շահերը Թուրքիայում ներկայացնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG