Մատչելիության հղումներ

Երեխաները պատրաստվում են սեպտեմբերի 1-ին


Հասմիկը սեպտեմբերի 1-ին գնալու է երկրորդ դասարան: Սիրում է դպրոցը, ուսուցիչներին ու գրեթե բոլոր առարկաները:

Բայց իր համար առարկաների ցուցակում հայերենն ու աշխատանքի ուսուցումը յուրահատուկ տեղ են զբաղեցնում: Չի սիրում մաթեմատիկան ու հաճախ տխրում է, երբ մեկին գումարած մեկը չի հիշում, թե ինչի է հավասար:

Փոքրիկը սիրով է հիշում անցյալ տարվա սեպտեմբերի մեկը:

Իրեն դպրոց ուղեկցողների խումբը պարզվեց փոքր չի եղել. հայրը, մայրը ու հարազատները:

«Որ ես առաջին դասարան գնացի մազիկներիս շատ նուրբ բանտիկներ էի կապել ու հյուսիկներ էի արել: Գլխարկ էի դրել: Համ գլխարկս էր կապույտ, համ շորիկս: Ծաղիկներ վերցրեցինք ու տարանք մեր ուսուցչուհուն: Ես եմ դպրոցի զանգը տվել», - պատմում է Հասմիկն ու ավելացնում, որ այս տարի էլ մեծ սիրով սպասում է սեպտեմբերի մեկին, բայց մի փոքր մտահոգված է: Իսկ մտահոգությունը չթաքցրեց ու կիսեց «Մաքս լիբերթի»-ի հետ. - «Ուզում եմ գնամ դասի, բայց չեմ սիրում, որ գալիս եմ տուն, պետք ա դաս անեմ, ուզում եմ դրսում խաղամ»:

Իսկ Հասմիկի եղբոր` Արկադիկի համար այս սեպտեմբերի մեկն ուսումնական առաջին տարին է: Եվ Հասմիկն էլ` որպես ավագ քույր, ցանկություն ունի եղբորն անձամբ դպրոց ուղեկցելու:

Արկադիկն արդեն դպրոցում եղել է, ծանոթացել ուսուցչի հետ ու ստացել սեպտեմբերի մեկին դպրոցում կազմակերպված միջոցառմանն արտասանելիք ոտանավորը:

Հասմիկի ու Արկադիկի մայրը` Թամարան նշում է, որ որդին քնում ու արթնանում է դպրոցական պարագաներով: Իսկ Արկադիկը մեծ պատրաստակամությամբ մեզ էլ ծանոթացրեր իր դպրոցական պարագաների հետ ու նշեց, որ լինելու է լավ ու պարտաճանաչ աշակերտ:

Անկախ երեխաների ոգեւորությունից` մեծերը խնդիր ունեն բավարարել փոքրիկների բոլոր պահանջները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր անդրադառնալով սեպտեմբերի մեկի սպառողական զամբյուղին նշեց, որ իրենց աշխատակիցները շրջել են «Տաշիր», Հարավ-արեւմտյան թաղամասում, էրեբունիում եւ Ֆիրդուսու փողոցում գտնվող տոնավաճառներով ու հարակից խանութներով եւ կազմել առաջին դասարանցուն անհրաժեշտ հագուստի նվազագույն գները. կոշիկ` 4000 դրամ, շապիկ` 1000 դրամ, տաբատ` 2000 դրամ, պայուսակ` 4000 դրամ, պիտույքներ` 3000 դրամ: Ընդհանուր առմամբ, ըստ Ադիբեկյանի, սպառողական զամբյուղը կազմում է 17 000 դրամ, իսկ եթե ծնողը որոշի գնել գրասեղան ու բջջային հեռախոս, կվճարի եւս 38 000 դրամ:

Գուցե երկար ժամանակ պահանջի նման գներով հագուստ գտնելը, բայց ինչպես ասում են` ով փնտրում է, նա գտնում է: Համենայն դեպս Ադիբեկյանն անկեղծ խոստովանեց, որ իր 8-րդ դասարանցի դստեր համար 1000 դրամով շապիկ գնել է:

Արկադիկի ու Հասմիկի մայրը դժվարացավ իր ծախսած գումարի չափը նշել: Ասաց, որ ամեն ինչ գնել է ոչ վերջին օրերին, քիչ - քիչ ու մի քանի ամսվա ընթացքում: Բայց հետեւել է երեխաների ճաշակին ու գնել երեխաների ընտրած իրերն ու հագուստը:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով, երեխային պետք է զերծ պահել նաեւ ուսումնական տարեսկզբի սթրեսներից, որը կարող է երեխաների հետագա ուսումնառության վրա բացասական հետք թողնել. - «Չի կարելի առաջին դասարանցի աշակերտին սովորեցնել նստելով, նա պետք է խաղերի միջոցով սովորի: Խաղերը պետք է ձեւավորեն ե'ւ ֆիզիկական կարողությունների զարգացում, ե'ւ մտային, ե'ւ կոլեկտիվ»:

Մինչ մեծերը քննարկում են ֆինանսական խնդիրներն ու երեխաներին սպառնացող վտանգները` երեխաները սպասում են ուսումնական տարվա մեկնարկին:

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG