Մատչելիության հղումներ

Իտալացիները զբաղվում են Հայաստանի ազգային ճաշատեսակների պահպանման ու զարգացման խնդիրներով


Դեռեւս 1994 թվականին Իտալիայում ստեղծվեց Slow food կազմակերպությունը, որի նպատակն էր զարգացնել համաշխարհային կենսաբազմազանությունը, պահպանել ու զարգացնել ավանդական ուտեստները: 2004 թվականին այս կազմակերպությունն իր ներկայացուցչությունն ունեցավ նաեւ Հայաստանում:

Այսօր Հայաստանի պետական Ագրարային համալսարանի փոքր դահլիճում հավաքվել էին արտադրողներ, իտալացի մասնագետներ, ուսանողներ ինչպես նաեւ Ագրարային Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին:

«Ես ուրախ եմ տեսնել թե ինչպես են Հայաստանն ու Իտալիան համագործակցում գյուղատնտեսության ոլորտում: Այսօր Terra Madre-ի օրն է Հայաստանում, որը իտալական Slow food կազմակերպության նախագծերից մեկն է: Այսինքն ինչպես Slow food-ի այնպես էլ Terra Madre-ի փիլիսոփայությունը այն է, որ պետք է ուտել դանդաղ ու այնպիսի արդար ուտելիքներ, որոնք պատկերացում կտան երկրի ավանդական խոհանոցի մասին»,- նշում է Բրունո Սկապինին :

Ռուսլան Թորոսյանը 2007 թվականից այս ծրագրի հայաստանյան ներկայացուցիչն ու կազմակերպիչն է: Նա վստահ է, որ Հայաստանն այսօր ունի ազգային ուտելիքները պահպանելու եւ դրանք զարգացնելու խնդիր: Ինքն անձամբ շրջել է գյուղից գյուղ, զրուցել տատիկների հետ ու գրի առել ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսեր: Թորոսյանը վստահ է, որ ազգային ուտեստները զարգացնելով` գուցե երիտասարդները սկսեն fast food-ից հրաժարվել: Նա նաեւ նշում է, որ երիտասարդները մոռացել են ոչ միայն ճաշատեսակները, այլեւ տարազներն ու ազգային երգերը: Թորոսյանը նշում է, որ նմանատիպ սեմինարներն ու դրանց լուսաբանումը հնարավորություն կտան ազգային ուտեստները ճանաչելու ու տարածելու:

Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին հավանում է հայկական խոհանոցը ու նշում, որ հայկական ու իտալական խոհանոցները իր համար շատ ընդhանրություններ ունեն: Նա ասում է, որ հայկական խոհանոցը հարուստ է, բայց զարմացած է, որ միջազգային ճանաչում չունի:

«Պետք է ամեն ինչ անել, որ հայկական խոհանոցը ճանաչեն ամբողջ աշխարհում: Առաջին կերակրատեսակը, որ շատ եմ հավանել հայկական ավանդական տոլման է, բայց ոչ թե խաղողի թփով, այլ կաղամբով, բայց ամենաշատը սիրում եմ ավելուկով ապուր: Չպետք է մոռանալ, թե որքան կարեւոր է խոհանոցը լավ իմանալ, նույնքան էլ կարեւոր է վերականգնել այն ուտեստները, որոնք անհետացման եզրին: Կերակրատեսակների պատմությունով կարելի է վերականգնել ու սովորել երկրի պատմությունը», - նշում է Բրունո Սկապինին:

Սեմինարից հետ կազմակերպված էր փոքրիկ հյուրասիրություն, որտեղ ներկայացված էին մոթալ` ազգային պանիրը, ավանդական հայկական չիրը, լավաշը, գաթան: Բոլորը պատրաստված էին տնային պայմաններում:
XS
SM
MD
LG