Մատչելիության հղումներ

Նախկին դատավորը քննադատում է Հայաստանի դատական համակարգը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանի ներկայացմամբ, Հայաստանի դատական համակարգը գործում է ոչ թե որպես իշխանության անկախ ճյուղ, այլ որպես գերատեսչություն, ուր կիրառվում են վարչահրամայական մեթոդներ:

Մնացականյանը, ով դատավոր է աշխատել 1988 թվականից, նման համոզմունք հայտնեց այսօր` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Չի կարող լինել դատական իշխանություն, եթե դատական սկզբունքները, որով պետք է ղեկավարվի դատավորը` օրենքով եւ ներքին համոզմամբ, ընդհանրապես կապ չունեն դատական իշխանության հետ», - նշեց նախկին դատավորը` պարզաբանելով, թե դատավորը ներքին վախ ունի, թե վերադասը ինչպես կվերաբերվի իր վճռին:

«Դա արդեն գերատեսչական մոտեցում է, ոչ թե իշխանության, եւ մինչեւ հիմա էլ գերատեսչական սկզբունքը գերակայում է», - հավելեց նա` շարունակելով. - «Ես չեմ ուզում մեղք վերցնել իմ վրա` կոնկրետ անուններ տալու առումով, բայց շատերը ուղղակի մտավախություն ունեն: Առաջին հերթին մտածում են ոչ թե օրենքի ճիշտ կիրառման վերաբերյալ, այլ ընդհանրապես հետագա պատասխանատվության եւ հարցերի պարզաբանման ընթացքում արդարացման վերաբերյալ»:

Հիշեցնենք` Արդարադատության խորհրդի միջնորդությունից հետո Հանրապետության նախագահի հրամանագրով հուլիսի 11-ին դադարեցվեցին Սամվել Մնացականյանի լիազորությունները:

Ինչպես այսօր ասաց նախկին դատավորը, որոշումը «անհիմն էր ու սուբյեկտիվ», նախաձեռնվել էր անձամբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից (ով ի պաշտոնե նաեւ Արդարադատության խորհրդի նախագահն է) եւ նպատակ ունի դաս տալու դատավորներին, որպեսզի հետայսու ինքնուրույն որոշումներ չկայացվեն:

Մոտ 20 օր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հայտարարեց, թե ենթադրություններ կան, որ առաջին եւ երկրորդ ատյանի դատավորները գալիս են Վճռաբեկ դատարան` այս կամ այն որոշման կապակցությամբ «դաբրո» ստանալու»:

Հարցին, թե արդյոք նման դեպքեր լինում են, Մնացականյանը պատասխանեց. - «Այստեղ այլ սկզբունք է գործում: Վճռաբեկ դատարանի առաքելությունը նրանում է, որպեսզի Հանրապետությունում օրենքների միատեսակ կատարում ապահովի: Բայց դա շփոթվել է մի անձի կամքով կատարման հետ: Ոչ թե օրենքին համապատասխան միատեսակ, այլ անձի կամքին համապատասխան միատեսակ»:

Կան «զոնալ դատավորներ», ովքեր ներքին կարգով կանոնակարգում են տվյալ շրջանի դատավորների աշխատանքը. - «Դա գաղտնիք չէ, որ այդ ինստիտուտը գործում է Վճռաբեկ դատարանում… Մեզ բոլորիս ծանոթացրել են եւ ասել են` սա ձեր զոնալն է, որը պատասխանատու է ձեր աշխատանքի համար: Այդ ինստիտուտի միջոցով փորձ է արվում, որ բոլոր դատավորները աշխատեն ստանդարտի մեջ»:

Նրա խոսքով, որոշումների հատուկ տեսակներ կան, որ «առանց ճշտման, չի կարող որեւէ մեկը որոշում կայացնել. - «Մեղմացնող, այլ խափանման միջոց ընտրելու հետ կապված հարցերում: Այդ ամեն ինչը, թվում է, թե կատարվում է, որպեսզի դատական համակարգը զերծ պահի կոռուպցիայից, բայց փչացվում է հիմնական սկզբունքը` դատավորի անկախության սկզբունքը»:

Ըստ Սահմանադրության 97-րդ հոդվածի, հիշեցնենք, արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամը անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին:

«Հնարավոր չէ, որ դատական համակարգում բողոք եւ ընդդիմադիր շարժում չլինի գոյություն ունեցող իրավիճակի վերաբերյալ»,- այդուհանդերձ` վստահ է Սամվել Մնացականյանը: - «Եթե չլինի, ապա մեր դատական համակարգը ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող: Պարզվեց, որ ես էլ այդ ընդդիմադիր շարժման անդամներից մեկը դարձա, որովհետեւ պարզվեց, որ դատարանի գերատեսչական ղեկավարման սկզբունքին դեմ գնացի»:
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG