Մատչելիության հղումներ

Կախվածություն բնությունից, բայց ոչ մարդկանցից


«Թռիչքի ժամանակ դու զգում ես, թե ինչքան ազատ ես: Կախված ես բնությունից, բայց կախված չես մարդկանցից»: Սա Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի անդամներից մեկի` Արմենի տպավորություններն են:

Արմենը 27 տարեկան է, այս սպորտաձեւի մասին տեղեկացել է 15 տարեկանում, երբ դեռ հետաքրքրված էր ավիամոդելավորումով. - «Մի անգամ ավիամոդելիստների մրցումներ էին Արզնիի օդանավակայանում: Եկա օդանավակայան, տեսա էնտեղ պարապլանով փորձարկումներ են անում, մոտեցա, հարցրեցի սա ինչ է ու ինչի համար է: Իրենք ինձ երկար բացատրեցին, ու այդ օրվանից ես միանգամից իմ կոնստրուկտորական զբաղմունքը փոխեցի պարապլանով»:

Մեկ տարի հետո Արմենն ընդունվեց բուհ, ավարտելուց հետո մեկնեց զինծառայության, վերադարձավ ու անցավ աշխատանքի: Առաջինը, որ արեց, գնեց իր անձնական պարապլանն ու արդեն 4 տարի է ինքնուրույն պարապում է: Շաբաթվա մեջ գտնում է ազատ ժամեր, վերցնում իր պարապլանն ու մենակ գնում թռիչքի: Ինչպես ինքն է ասում` օդում արդեն գտնվել է մի քանի հարյուր ժամ:

Հայաստանում պարապլանով թռչել սկսել են 1996 թվականից, փոքր ավիացիայի ակումբին կից, որը ղեկավարում էր Ռաֆիկ Սոխոյանը: Պարապլաներային սպորտի ֆեդերացիան ձեւավորվոլ է 2008 թվականին:

Ավագ հրահանգիչ մեթոդիստ Հարություն Աճեմյանի առաջին թռիչքը 1999 թվականին էր Հատիս սարից. - «Այնպես ստացվեց, որ քաշմիրցի մի տղայի հետ միասին էինք սովորում թռչել եւ պետք է թռչեինք նույն պարապլանով: Առաջինը ես թռա ու չստացվեց, քամին քիչ էր, սարից գլորվեցի, ամբողջ մեջքս քերծեցի: Իրանք չթռան սպասեցին քամին ուժեղացավ նոր, հետո ես կրկին փորձեցի ու շատ լավ ստացվեց: Թռիչքը ցածր էր, բայց տպավորիչ»:

Իսկ ազգությամբ հայ, բայց Սանկտ Պետերբուրգի բնակիչ Նաստյան արդեն 3 տարի իր ամառային հանգիստը տրամադրում է պարապլանային սպորտաձեւին: 3 տարի պարբերաբար ամռանը լինում է Հայաստանում. - «Մենք թռիչքների երկու տարբերակում ունենք` թռիչքներ հարթության վրա եւ սարերում: Հայաստանում սարային թռիքչներ են, որոնք ավելի բարդ են, բայց ինձ դուր են գալիս: Պարապլանային սպորտով զբաղվողներն աշխարհում քիչ են, եւ երբ ուրիշ քաղաքում հանդիպում ես նրանց, ընդունում ես ընտանիքիդ անդամի նման: Նրանց հետ խոսելու ընդհանուր թեմաներ ունես, ընդհանուր հետաքրքրություններ, դա շատ հաճելի է»:

Նաստյան թռիչքները նմանեցնում է օդային արկածներին. - «Երբեմն թռիչի ու վայրէջքի վայրերը տարբեր են լինում: Հնարավոր է սարից թռչես ու վայրէջք կատարես մի գյուղում, որտեղ չեն լսել այս սպորտի մասին եւ քեզ կընդունեն այմոլորակայինի նման: Այ հիշում եմ անցյալ տարի թռչում էինք Ապարանի սարերից: Ես վայրէջք կատարեցի Ապարանից հեռու մի վայրում: Մի մարդ եկավ էշով ինձ տարավ Ապարան իրենց տուն: Հաց տվեցին, թասով ջուր տաքացրեցին, հանգստացա, մինչեւ իմ հետեւից տղաները եկան»:

please wait

No media source currently available

0:00 0:08:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG