Մատչելիության հղումներ

Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 31-ին


Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ նշվում է Սուրբ Զատիկից 99 օր հետո:

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Վարդավառը կամ Այլակերպության, Պայծառակերպության օրը կնշի հուլիսի 31-ին:

Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: Տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպմանը, երբ նա Թաբոր լեռան վրա երեւացել է իր աշակերտներին` Հովհաննեսին, Պետրոսին եւ Հակոբոսին պայծառացած կերպարանքով:

Եկեղեցական տոնին զուգահեռ ձևավորվել է նաեւ ժողովրդական ծիսակարգ: Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը նշում է, որ Վարդավառի օրը միմյանց վրա ջուր ցանելը գալիս է դեռ Նոյ նահապետի ժամանակներից:

«Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա: Երբ Նոյը դուրս է եկել տապանից, որդիներին հանձնարարել է միմյանց վրա ջուր ցողել` հիշատակ ջրհեղեղի: Եվ այստեղից էլ Վարդավառի ծիսակարգում պահպանվել է միմյանց վրա ջուր ցանելու սովորույթը», - ասում է ազգագրագետը:

Վարդավառին ավելի շատ սպասում են երեխաները:

Գայանեն տան փոքրիկն է: Ինքն ու ավագ քույրը` Նարեն արդեն պատրաստվել են Վարդավառին: Ծրագրեր են մշակել. ջրելու են բոլոր անցորդներին: Գայանեն խոստանում է ջրել բոլոր նրանց, ովքեր կխնդրեն չջրել: Իսկ Նարեն այդ օրը պատրաստ է իրենց տանը մեծ սիրով դիմավորել բոլոր հյուրերին. - «Դռան վերեւը ջուր եմ դնելու,որ ով դուռը բացի ջուրը շուռ գա գլխին»:

Հեթանոսական ժամանկներից եղող այս տոնը հին ժամանակներում համախմբել է ընտանիքի բոլոր անդամներին: Միասին ուրախանում էին, ուխտագնացություն կազմակերպում: Աբրահամյանը նշում է, որ ավանդական կենցաղում ամենամեծ ուխտագնացությունը կազմակերպվում էր դեպի Մշո սուրբ Կարապետ վանք: Անզավակները սրբից զավակ էին խնդրում, պանդխտության մեջ հարազատ ունեցողները խնդրում էին, որ իրենց հարազատը շուտ վերադառնա տուն եւ այլն: Տոնի նախօրեին կանայք հաց էին թխում, մատաղի նախապատրաստություն տեսնում, հյուրեր ընդունում:

Տիգրան Զաքարյանը, ով բնակվում է Մարտունի քաղաքում Վարդավառին պատրաստվում է մեծ ոգեւորությամբ: Մեկ օր առաջ քաղաքից ու հարեւան գյուղերից բոլոր բարեկամները գալիս են Մարտունի: Նախօրեին թխում են լավաշ, ավանդական խորիզով կլոր գաթա: Իսկ գառը մորթում են կամ մեկ օր առաջ, կամ վաղ առավոտյան: Հաջորդ օրը վաղ առավոտից տան տերերն ու բոլոր հյուրերը գնում են գետի մոտ: Երաժշտություն, կենացներ ու ժողովրդական խաղեր: Վարդավառն իրենց համար վեր է մնացած բոլոր տոներից:

Վարդավառը հանրապետության տարբեր մարզերում տարբեր օրերի են նշում:

«Խորհրդային տարիներին, երբ մարդկանց հոգեւոր գիակցությունը մի քիչ ետ է մղվել, ինչպես նաեւ տեղեկատվությունն է պակաս եղել, որոշ վայրերում մարդիկ իրենք են օրեր նշանակել եւ այդ օրը նշել Վարդավառը, բայց վերջին տարիներին գրեթե բոլորը նշում են եկեղեցական օրացույցով սահմանված օրը», - ասում է ագագրագետը:
please wait

No media source currently available

0:00 0:05:50 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG