Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բարաք Օբամային, այցելել ԱՄՆ-ի դեսպանատուն


Բարաք Օբաման ողջունում է Սերժ Սարգսյանին Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ.
Բարաք Օբաման ողջունում է Սերժ Սարգսյանին Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում, որի տեքստը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն: 235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարեւորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու եւ ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին»:

«Անգնահատելի է այն շարունակական եւ համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր: Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ձեր վարչակազմին եւ անձամբ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական եւ կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար», - Միացյալ Նահանգների նախագահին գրել է Հայաստանի նախագահը:

ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին:

Հայաստանի նախագահը իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել եւ այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն եւ ազատություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG