Մատչելիության հղումներ

Երիտասարդական կազմակերպությունը դեմ է Ղարաբաղի հարցում զիջումներին


Հայազն երիտասարդների միաբանությունը կոչ է անում զիջումներ չանել ղարբաղյան հարցում, 24 հունիս, 2011թ.
Հայազն երիտասարդների միաբանությունը կոչ է անում զիջումներ չանել ղարբաղյան հարցում, 24 հունիս, 2011թ.
Հայազն երիտասարդների միաբանությունը (ՀԵՄ) Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպման եւ մադրիդյան սկզբունքներն ամրագրող փաստաթղթի հավանական ստորագրման առիթով իր դժգոհությունը արտահայտելու համար ուրբաթ օրը երթ եւ նստացույց էր կազմակերպել:

Ինչպես երթի ժամանակ նշեց ՀԵՄ-ի կրթադաստիարակչական գործերով պատասխանատու, միջոցառման կազմակերպիչներից Լիլիթ Պետրոսյանը, իրենք այս երթով ուզում են ցույց տալ, որ հայ երիտասարդը պահանջատեր է:

«Մենք չեն մոռանում մեր հերոսների թափած արյունը ու պետք է պայքարենք ազատագրված տարածքների պաշտպանության համար», - ասաց Պետրոսյանը:

ՀԵՄ-ի անդամները Կոմիտասի այգուց երթով ուղղվեցին դեպի նախագահի նստավայրը, հետո Հանրապետության հրապարակ, որտեղ էլ Արտգործնախարարության շենքի դիմաց 24-ժամյա նստացույց կանցկացնեն:

«Այս երթի գերագույն նպատակն է ցույց տալ, որ այս ազգի մեջ ոչ բոլորն են քնած: Մարդիկ այսօր քնած են` իմանալով, որ Կազանում հնարավոր է, որ մեր նախագահը ստորագրի հողերը վերադարձնելու փաստաթուղթը», - ասաց երթի մասնակիցնեից Կարեն Վարդանյանը:

Երթի մասնակիցները կրում էին Հայաստանի ազգային հերոսների նկարներով պաստառներ: Ողջ երթը ուղեկցվեց «Ոչ մի զիջում թշնամուն», «Հող հանձնողը` դավաճան» վանկարկումերով եւ հայրենասիրական երգերի կատարմամբ:

ՀԵՄ-ի անդամ երիտասարդները նշում են, որ իրենց պատերազմով չեն կարող վախեցնել, քանի որ պատրաստ են ամեն րոպե զենք վերցնել` հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենք խորապես մտահոգված եւ վրդովված ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների, փորձագետ ներկայացողների հայտարարություններով եւ համարում ենք սպասվող փաստաթղթի բոլոր կետերը բացարձակապես մերժելի: Դրանց ստորագրումը կկործանի Արցախը, կկործանի ողջ Հայաստանը, կկործանի հայ ժողովրդին: Վճռական ենք եւ վստահ, որ մեր սերունդը դա թույլ չի տա», - նշված է ՀԵՄ-ի հայտարարության մեջ, որը նրանք փոխանցեցին Արտգործնախարարությանը եւ նախագահի նստավայրին:

ՀԵՄ-ը ստեղծվել է 2009 թվականին եւ ունի մոտ 500 անդամ:
XS
SM
MD
LG