Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեց


«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց րոպեներ անց
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց րոպեներ անց
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ուրբաթ երեկոյան համաներման որոշմամբ ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրան քրեակատարողական հիմնարկի մոտ դիմավորեցին հարազատները, համակիրները եւ լրագրողները:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Փաշինյանը ասաց, թե անհամբերությամբ սպասում է մայիսի 31-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ժողովրդի հետ հանդիպմանը` ասելով, որ «ջերմ ու հզոր հանդիպում է լինելու»:

ՀԱԿ-իշխանություն «գործարքի» մասին խոսակցություններին անդրադառնալով` նա ասաց, թե այդքան ժամանակ ընդհատակում եւ բանտերում չէին անցկացնի, եթե «գործարքի գնացող լինեին»:

Փաշինյանը ասաց, որ շարունակելու է իր պայքարը:

«Հայաստանը ազատելու ենք ավազակապետությունից, մինչեւ հաղթական ավարտ պայքարելու եմ», - ասաց նա` հավելելով, որ ընդդիմությունը ամեն ինչ անելու է, որ հնարավորինս արագ տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

«Այս երկու օրը իշխանությունները, ի միջի այլոց, այնքան են օգտագործում` մարդասիրություն, հումանիզմ եւ այլն, եւ այլն... Եթե Սերժ Սարգսյանը այդքան մարդասեր է, ինքը այսօր անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա», - հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում շատ քննարկվող` իշխանություն - ընդդիմություն երկխոսության հարցին` Նիկոլ Փաշինյանը ասաց. - «Այս պահին չկա երկխոսություն` մենք ի՞նչն ենք քննարկում: Հիմա կմտնենք այդ ենթադրվող երկխոսության փուլ` երբ որ երկխոսություն կլինի, եւ, բնականաբար, այդ երկխոսությունը կլինի հրապարակայնության միջազգային ընդունված ստանդարտներով, երբ որ կլինի, այն ժամանակ կգնահատենք»:

«Երկխոսությունը կարող է վերաբերել մի հարցի` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, ուրիշ երկխոսելու բան մենք չունենք իշխանության հետ», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը` հավելելով. - «Ոչ թե այն պատճառով, որ մենք ենք այդպես ուզում, այլ որովհետեւ իմաստ չունի որեւէ այլ թեմա»:

«Հիշում եք, 2008 թվականին իշխանությունը ինքը այդ թեզը առաջ քաշեց, որ իրենք երկխոսելու են ոչ թե քաղաքական ուժերի հետ, այլ ուղղակի երկխոսելու են հասարակության հետ, հանրության հետ: Իբր` այդ ճանապարհով իրենք հաղթահարելու են ներքաղաքական խոչընդոտները: Բայց մենք տեսանք, որ երեք տարվա ընթացքում իշխանությունը` թե' գործադիր իշխանությունը, թե' օրենսդիր իշխանությունը, թե' կառավարությունը, ամբողջությամբ տապալվել է: Այսինքն` չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունը վստահության թեկուզ փոքր ռեսուրս ունենա», - ասաց Փաշինյանը:

«Իշխանությանը երեք տարի շանսը տրվել է, այսինքն` ինքն է վերցրել պատասխանատվությունը, ասել է` «ես շանս ունեմ, երկիրը ճգնաժամից կհանեմ»: Երեք տարվա ընթացքում բոլոր շաները սպառել է: Այսինքն, այսօր իշխանությունը գոյատեւում է, շարունակում է գոյատեւել Հայաստանի Հանրապետության հաշվին, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաշվին, Հայաստանի Հանրապետության ապագայի հաշվին», - հայտարարեց «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը:

«Այսօր իշխանությունը մի բան ունի անելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ քաղաքացու համար` հնարավորինս անցնցում, սեփական կամքով հեռանալ, ուղղակի հեռանա` սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած Ազգային ժողովով, շարունակած կառավարությամբ: Որովհետեւ այդ իշխանության բուրգը որեւէ ռեսուրս այլեւս չունի, ինքը գլխովին տապալել է ամեն ինչ», - համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

2010-ի հունվարի 19-ին ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Մարտին Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, սակայն որոշել էր համաներում կիրառել եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ Փաշինյանը տեղափոխվեց անցած տարվա դեկտեմբերին. հինգ տույժերի արդյունքում նրան կիսաբաց ռեժիմից խիստ ռեժիմի քրեակտարողական հիմնարկ տեղափոխեցին: Խիստ ռեժիմում «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անցկացրեց հինգ ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG