Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նախագահի լիազորությունները սահմանափակելու կարիք է տեսնում


«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայաստանյան ներկայիս քաղաքական համակարգի փրկության միակ ուղին նախագահի լիազորությունները սահմանափակելու հարցով սահմանադրական հանրաքվեի անցկացումն է:

Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Հերթական իմիտացիան է ստեղծվել երկրում` առաջին հերթին Հայաստանի նկատմամբ մեծացած ուշադրության լույսի ներքո ուղղակի ցույց տալու համար, թե Հայաստանի Հանրապետությունում փոփոխություններ են արվում», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը` կարծիք հայտնելով, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ խոստումները «սին են, փուչ են, խոսքեր են, եւ ոչ ավելին»:

«Այն խնդիրները, որոնք փորձ է արվում ցույց տալ, թե լուծված են, մեզ համար լուծում չեն կարող համարվել», - պարզաբանեց Սաֆարյանը:

Ըստ նրա` Ազատության հրապարակը պետք է վերադարձվի ժողովրդին, մինչդեռ այսօր հրապարակը պայմանով տվում է միայն այն ուժերին, որոնք, իշխանության բնորոշմամբ իրենց պահում են «կոռեկտության սահմաններում»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի ձեւակերպմամբ, նույնը վերաբերում է կալանավորված ընդդիմադիրների ազատ արձակմանը:

«Մեզ համար ողջունելի է, որ քաղբանտարկյալները ազատ են արձակվում: Նրանք պիտի օր առաջ ոչ միայն բռնված չլինեին, այլ նաեւ շատ ավելի վաղ պիտի ազատ արձակված լինեին: Բայց մեզ համար շարունակում է էական մնալ, որպեսզի պետության պաշտոնական գնահատականը «Մարտի 1»-ի իրադարձությանը լինի ճշգրիտ», - շարունակեց Ստեփան Սաֆարյանը: - «Այս կապակցությամբ մեզ համար ընդունելի չի կարող լինել Հայ ազգային կոնգրեսի բավարարվածությունը այդ խնդրից, եթե ընդամենը քաղբանտարկյալներն են ազատ արձակվել: Մենք պնդում ենք, որ ապագայում նոր մարտիմեկեր չլինելու երաշխիքը պետության դատապարտող կամ ճշգրիտ գնահատականը պիտի լինի»:

Ասուլիսին մասնակցող` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ անդրադարձավ Հայաստանի նախագահի ապրիլի 20-ին հրավիրած խորհրդակցությանը, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, եւ որի ժամանակ Սերժ Սարգսյանը իրավապահ եւ դատական համակարգի պատասխանատուներին հրահանգել էր կրկին եւ առավել մանրակրկիտ կերպով անդրադառնալ «Մարտի 1»-ի գործին:

Փոստանջյանի խոսքով չի կարելի բարեփոխումներ իրականացնել եւ դրանք վստահել խորհրդակցությանը մասնակցող եւ «Մարտի 1»-ը կոծկելու գործում մեծ ավանդ ունեցող պաշտոնյաներին:

«Այս անձինք տարիներ շարունակ շեղել են մեր պետությունը ժողովրդավար ուղուց: Նրան են խորհրդանիշը անարդարության: Սա ուղղակի վիրավորանք է հասարակության նկատմամբ», - հայտարարեց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG