Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը քննադատում է Հայաստանին եւ նրա միջազգային գործընկերներին


Human Rights Watch-ի լոգոն
Human Rights Watch-ի լոգոն
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին` մարտիմեկյան դեպքերի առիթով պատշաճ հետաքննություն չանցկացնելու, ոստիկանությունում բռնարարքներ թույլ տալու, հավաքների ազատությանը խոչընդոտելու համար:

2010 թվականի ընթացքում արձանագրված այս բացթողումների ֆոնին Human Rights Watch-ը կարծում է, որ Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները` մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար:

«Իշխանությունը նախկինի նման իրական հետաքննություն չանցկացրեց` հայտնաբերելու համար 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների դեմ ոչ համարժեք ուժ կիրառողներին: Ուժի կիրառման համար ընդամենը 4 ոստիկան դատապարտվեց, նրանք էլ` համաներմամբ անմիջապես ազատ են արձակվել», - հայտարարում է Human Rights Watch հեղինակավոր կազմակերպությունը երկուշաբթի օրը հրապարակած իր զեկույցում, որտեղ հիշատակվում են մարտիմեկյան իրադարձություններից հետո կալանավորված ընդդիմադիր գործիչները, որոնք դեռեւս անազատության մեջ են մնում:

Կազմակերպության գնահատմամբ` երկրում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը:

Մանրամասն անդրադարձ կա նախորդ տարվա ապրիլին Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: Զեկույցի հեղինակները փաստում են` կա պաշտոնական վարկած, թե երիտասարդը ինքնասպան է եղել, սակայն նրա հարազատների եւ մի շարք իրավապաշտպանների համոզմամբ` Խալաֆյանին ոստիկանությունում սպանել են:

Human Rights Watch-ը իր տարեկան զեկույցում անդրադառնում է նաեւ YouTube կայքում հայտնված տեսանյութին, որտեղ Զինված ուժերի սպան ստորացնում ու ծեծի է ենթարկում երկու շարքային զինվորականների:

Մեկ այլ դեպքի մասին էլ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը գրում է. - «Հունիս ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին մեղավոր ճանաչեց 2009 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկում մահացած Աշոտ Հարությունյանի գործով: Դատարանը գտավ, որ խարդախության եւ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով դատապարտված տղամարդու համար իշխանությունները պատշաճ կերպով չեն ապահովել մի շարք խրոնիկ հիվանդությունների բուժումը»:

«8-րդ տարին է` եթերազրկված է «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը», - 2010 թվականն ամփոփող զեկույցում փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը` շարունակելով. - «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությունները խոսքի ազատության եւ բազմակարծության առումով լրատվամիջոցների համար խոչընդոտներ են ստեղծել: Կատարված փոփոխությունները, մասնավորապես, սահմանափակում են հեռուստաընկերությունների թիվը, որոնք կարող էին մասնակցել թվային հեռարձակման համար հայտարարված կապուղիների մրցույթին, նաեւ` առավելություններ են տալիս գործող հեռուստաընկերություններին, ինչը նորերի համար կապուղի ստանալու տեսանկյունից խոչընդոտ է»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները շարունակել են սահմանափակել նաեւ քաղաքացիների` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը։

Անդրադառնալով իրավապաշտպանների գործունեությանը Հայաստանում` Human Rights Watch-ը տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման փաստով հետաքննության դադարեցման, հանցակազմ չհայտնաբերելու` ոստիկանության հայտարարության, նաեւ` հատուկ դպրոցի ուսուցչին անչափահասների նկատմամբ սեռական բռնություններ կատարելու մեղադրանքներ ներկայացրած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ սուտ մատնության փաստով հարուցված քրեական գործի մասին: «2010 թվականի մարտին Միացյալ Նահանգների դեսպանատունը նրան արիության հատուկ մրցանակով պարգեւատրեց, դրա հաջորդ օրը քրեական գործը կարճվեց», - Սուխուդյանի մասին նշում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Կարծիք հայտնելով, որ Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները` մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար, Human Rights Watch-ը, մասնավորապես, նշում է. - «Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող մայիսյան զեկույցում, օրինակ, նշված էր Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, ինչի արդյունքում էլ պաշտոնական Բրյուսելը Երեւանի հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG