Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք»


Շաբաթ օրը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նախագահ Սահակաշվիլիին ուղեկցող պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երեւանի գիտաարտադրական կենտրոն, որտեղ մասնակցել են հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մրցանակաբաշխությանը: Երկու երկրների նախագահները յուրաքանչյուր առարկայից հաղթողներին հանձնել են համակարգիչներ եւ շնորհավորել օլիմպիադայի բոլոր մասնակիցներին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Հայ-վրացական բարեկամությունը մենք չենք սկսել եւ բնական է` մեզանով չի ավարտվելու: Բայց մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է նոր շունչ հաղորդել, իր մասնակցությունը բերել, որպեսզի կարողանանք այդ թանկ ժառանգությունը փոխանցել մեր զավակներին»:

Հայաստանի նախագահը օիմպիադայի մասնակիցներին հորդորել է իրենց նպատակների մեջ մի փոքր տեղ էլ հատկացնել հայ-վրացական բարեկամությանը` «որովհետեւ, իրոք, այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք»:

«Ես շատ ուրախ եմ Վրաստանի բուհերում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող Հայաստանի ուսանողներին Նախագահի կրթաթոշակ տրամադրելու նոր գաղափարի, առաջարկության համար եւ վստահ եմ, որ մենք էլ հնարավորություն կգտնենք, եւ վրացի երիտասարդներն էլ հետաքրքրություն կունենան Հայաստանի բուհերում սովորելու, այսինքն` այս առիթները որքան ավելացնենք, մեր նպատակներն ավելի լավ կարող ենք իրականացնել: Որքան շուտ իրականանան մեր նպատակները, մեր երկրները դառնալու են ավելի անվտանգ», - ասել է Հայաստանի նախագահը:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ողջույնի խոսքում գովեստի խոսքեր է ասել Հայաստանի նախագահի հասցեին: - «Ես ընդունում եմ նրան որպես իմ մեծ բարեկամ, լավ գործընկեր, որպես եղբայր, որովհետեւ ես գիտեմ, որ բոլոր հարցերը մենք միմյանց հետ ենք որոշում: Հիշում եմ անցյալ անգամ, երբ ես այցելեցի Հայաստան, չեմ մոռանում պարոն Սարգսյանի աջակցությունը մեր երկրին: Պարոն նախագահի դիրքորոշումն ու նրա աջակցությունը ես չեմ կարող մոռանալ եւ չի կարող մոռանալ նաեւ վրաց ժողովուրդը», - ասել է Վրաստանի նախագահը:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահները շրջել են նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Երեւանի գիտաարտադրական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին ու ծրագրերին, որից հետո մեկնել են ՀՀ նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույց ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG