Մատչելիության հղումներ

Լեւոն Բարսեղյան. «Հայաստանը տապալել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի անցկացումը»


«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի հոգաբարձուների, իսկ այնուհետեւ` շահառուների խորհրդի արդեն նախկին անդամ, Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի համոզմամբ` պաշտոնական Երեւանը տապալել է հիմնադրամի ծրագրի անցկացումը Հայաստանում:

«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի իրականացումը Հայաստանում ավարտվում է այս տարվա սեպտեմբերին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառելով Միացյալ Նահանգների կողմից նոր ծրագրի իրականացումը Հայաստանում` Բարսեղյանը, այդուհանդերձ, դրա հնարավորությունները շատ ցածր գնահատեց: Դրա համար, ըստ Լեւոն Բարսեղյանի, կան մի շարք հայտնի պատճառներ. - «Դրանցից մեկը այն է, որ Հայաստանը իսկապես տապալել է այդ ծրագիրը, ձախողել է ծրագիրը: [2008 թվականի] Մարտի 1-ի դեպքերից հետո կորպորացիայի նախազգուշացումները որեւէ կերպ չազդեցին Հայաստանում քաղաքական կամ ներքաղաքական իրադրության բարելավման վրա, ինչը եւ չկարողացավ շտկել Հայաստանի ցուցիչների վիճակը, ու դրանք մնացին այդպես անմխիթար»:

Բարսեղյանը նշեց, որ այդ պատճառով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ստիպված եղավ կտրել ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը` գյուղական ճանապարհների վերականգնումը, արդյունքում կրճատելով մոտ 60 միլիոն դոլար:

«Մյուսը այն էր, որ ծրագրի` պլանավորած թիրախները կրճատվեցին արդեն Հայաստանի կառավարության եւ ծրագրի կառավարման խորհրդի որոշումներով` իբր շինարարական աշխատանքների գները աճել էին, եւ դոլարի արժեզրկում էր տեղի ունեցել, իբր այդ գումարներով հնարավոր չէր այնքան աշխատանք կատարել, որքան պլանավորված էր», - ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:

Հետեւաբար ստացվում է, որ անցած 5 տարիների ընթացքում ծրագրի համընդհանուր նպատակը չի իրականացվել, կամ էլ անհնար է իրականացնել, կարծում է «Հազարամյակի մարտահրավեր – Հայաստան» հիմնադրամի շահառուների խորհրդի նախկին անդամը. - «Դա գյուղական աղքատությունը լրացուցիչ 6 տոկոսով նվազեցնելու գերագույն թիրախն էր, որ ուներ ծրագիրը»:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի խոսքով, մինչդեռ, «բավականին արդյունավետ է ծրագիրը ընթանում». - «Այսինքն, մեր առջեւ դրված նպատակները ոչ միայն իրականացնում ենք, այլ նաեւ ժամանակից շուտ ենք նույնիսկ ավարտում»:

«Մենք այսօրվա դրությամբ մեր դրված նպատակներից մեծ մասը` արդեն գրեթե մոտավորապես 70-75 տոկոսը հասել ենք: Ես թվերով կարող եմ խոսել. այսօրվա դրությամբ, եթե ճանապարհների ծրագիրը հանենք այդ 235 միլիոնից, մոտավորապես 180 միլիոն է փաստորեն ամբողջ 5 տարվա մեր ծրագիրը գնահատվում, այս պահին ավելի քան 100 միլիոնը արդեն տեղաբաշխված է: Այսինքն, իր հունով ծրագիրը ընթանում է: Ճիշտ է, ճանապարհների ծրագիրը ընթացքում դուրս մնաց, բայց դա ոչ թե տեխնիկական իրականացման հետ էր կապված, այլ զուտ քաղաքական խնդիրներից ելնելով»:

«Ինչ վերաբերում է երկրորդ համաձայնագրին` ճիշտն ասած, նման գործընթաց չկա հիմա, որպեսզի երկրորդ ծրագիրը լինի Հայաստանում: Իսկ ընդհանրապես, երկրորդ ծրագրի առկայությունը Հայաստանում, ի թիվս այլ գործոնների, կախված է լինելու առաջինի իրականացումից», - ասաց Արա Հովսեփյանը:

Հայաստանի հետ կնքված համաձայնագրով, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան 2006-ի սեպտեմբերից 2011-ի սեպտեմբեր հնգամյա ծրագրի համար որոշել էր Հայաստանին տրամադրել 235,6 միլիոն դոլար, որից` գյուղական ճանապարհների վերանորոգման ենթածրագրի համար ընդհանուր առմամբ նախատեսվում էր հատկացնել շուրջ 64 միլիոն դոլար, ոռոգման ցանցերի վերականգնման եւ ջրից դեպի շուկա ենթածրագրերի համար` ավելի քան 160 միլիոն դոլար: 2009 թվականի հունիսին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը, որով նախատեսվում էր 67 միլիոն դոլար հատկացնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման համար: Նման որոշման համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարության կատարած քայլերը չեն համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ժողովրդավարական կառավարման չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG