Մատչելիության հղումներ

Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ շոշափելի արդյունքներ չկան


Թեեւ Հայաստանի կառավարությունը առանձնահատուկ քաղաքականություն է որդեգրել փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ, շոշափելի արդյունքներ ոլորտում, ըստ Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի, արձանագրել չի հաջողվում:

«98 տոկոս ներկայացվող փոքր ու միջին ձեռնարկատիրությունը մոտ 130 հազար գրանցված ձեռնարկությունների թվաքանակի մեջ, առանձնապես մեծ ներդրում չունի համախառն ներքին արդյունքի մեջ: Այդ թիվը ընդամենը կազմում է մոտավորապես 42 տոկոս», - լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես Հայաստանում» գիրքը, երեքշաբթի օրը ասաց Մակարյանը` շարունակելով. - «Զբաղվածության տեսանկյունից` թե ինչքան մարդիկ են զբաղված փոքր բիզնեսի մեջ, այդ թիվը էլի մեծ թիվ չի կազմում: Դա ընդամենը գտնվում է 220-250 հազարի սահմաններում»:

Խոսելով երկրում փոքր ու միջին բիզնեսի գերակա խնդիրների մասին` նա նշեց, թե փոքր բիզնեսը ընդհանուր առմամբ չունի բարձր արտադրողականություն, մրցակցությունը ձեռնարկությունների միջեւ բավական ցածր մակարդակի վրա է, եւ դրանց միայն 9 տոկոսն է կարողանում արտահանել իր արտադրանքը:

Մակարյանը ընդգծեց այն, որ փոքր ձեռնարկատիրությունը վարկեր ներգրավելու առանձնապես մեծ հնարավորություններ չունի. - «Փոքր բիզնեսը հիմնականում աշխատանքը սկսում է իր սեփական ներդրումների, սեփական միջոցների հաշվին, հետո նորից պիտի գումարներ ունենան, որ կարողանան շարունակել, չեն կարողանում այդ գումարները ստանալ: Չեն կարողանում իրենց բիզնեսը ճիշտ ներկայացնել բանկերին: Երկրորդ պրոբլեմը այն է, որ բանկերը իրենք չեն ցանկանում փոքր բիզնեսի հետ առանձնապես հաճույքով աշխատել»:

Փոքր բիզնեսի աջակցման կենտրոնի ղեկավար Սամվել Գեւորգյանի կարծիքով, սակայն, այս ամենը ոչ թե պատճառ է, այլ հետեւանք:

«Հետեւանք այն իրավիճակի, որ մենք ունենք` օրենսդրական, պետական մակարդակով քաղաքականության եւ այլն: Այստեղ երկու հարց է դրված` մրցունակության բարձրացում եւ կոռուպցիայի վերացում», - պարզաբանեց նա:

Գեւորգյանը հիշեցրեց McKinsey & Company ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիիկ Բարտոնի այն նախազգուշացումը, որ եթե Հայաստանը շարունակի դանդաղել, ապա կդառնա տարածաշրջանի «Մոխրոտիկը»:

«Մրցունակության համաշխարհային զեկույցում 139 երկրներից 98-րդն է Հայաստանը: Համաշխարհային բանկի Doing Busines ինդեքսը` 48-րդը, եւ 183 երկրների շարքում «հարկերի վճարում» ցուցանիշով 159-րդ տեղը, մարդկային զարգացման համաշխարհային ցուցանիշում` 76-րդ տեղը», - նշեց նա:

Փոքր բիզնեսի աջակցման կենտրոնի ղեկավարի կարծիքով, կառավարությունը առաջնահերթ 3 խնդիր պետք է լուծի. կոռուպցիա, տարածքների համաչափ զարգացում եւ արտոնություններ գերակա հայտարարված ոլորտների ձեռնարկություններին:

Ավարտվող 2010 թվականը, Սամվել Գեւորգյանի գնահատմամբ, փոքր եւ միջին բիզնեսի համար, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէր: Ընդհանուր առմամբ, զգացվում էր կառավարության կողմից ոլորտին հատկացվող ուշադրության պակաս. դրա վկայությունն է նաեւ ոլորտի զարգացմանը 2011 թվականի համար պետական բյուջեից նախատեսված 150 միլիոն դրամը` 2009-ի 574 միլիոնի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG