Մատչելիության հղումներ

Գեւորգ Դանիելյանը պաշտոնանկ արվեց


Գեւորգ Դանիելյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվային լուսանկար
Գեւորգ Դանիելյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվային լուսանկար
Նախագահ Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա հրամանագրով Գեւորգ Դանիելյանը ազատվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այդ մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Դանիելյանի պաշտոնանկության մասին կառավարության նիստում հայտարարեց նաեւ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը մանրամասնեց, որ արդարադատության նախարարը չի կատարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին էթիկայի կանոնները խախտելու համար հրապարակային պատժի ենթարկելու իր հանձնարարականը:

«Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարեւորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը բոլոր գերատեսչություններում: Եվ պաշտոնատար անձնանց պահվածքին: Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել լուրջ խախտում հենց էթիկայի կանոնների: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել Հարկադիր կատարման ծառայության ղեկավարին այդ իր պահվածքի համար: Ցավոք սրտի, արդարադատության նախարարը այս հանձնարարականը չի կատարել», - ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով. - «Մեզանից յուրաքանչյուրից, մեր պահվածքից շատ մեծ բան է կախված: Եվ մենք պետք է լինենք խստապահանջ մեր ենթակաների նկատմամբ` անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որը ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ: Եվ այսուհետեւ էլ մենք լինելու ենք շատ խստապահանջ այդ առումով»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման մամուլի քարտուղարը ասաց, թե նախարարության կայքէջում հրապարակվածին ավելացնելու ոչինչ չունի:

Նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ Գեւորգ Դանիելյանի դեկտեմբերի 8-ին հրամանով «Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ եւ հայտարարվել նկատողություն»:

Կառավարության այսօրվա նիստին ներկա արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախարարի պաշտոնանկության մասին իմացել է երեկ գիշեր և մանրամասներից տեղյակ չէ:

Գեւորգ Դանիելյանը որպես արդարադատության նախարար պաշտոնավարում էր 2007 թվականի հունիսից` մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:

Արդարադատության նախարարի պաշտոնը կոալիցիայի շրջանակներում հատկացված է Հանրապետական կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG