Մատչելիության հղումներ

Բրայզայի թեկնածությունը ԱՄՆ Սենատում առկախել են հայամետ երկու սենատորներ


Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա

Չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայից ընտրված Բարբարա Բոքսերից բացի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը առկախել է նաեւ Ռոբերտ Մենենդեսը՝ հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ավելի վաղ նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուի հաստատման հարցը քվեարկության էր դրվել Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եւ ստացել 19 անդամներից 17-ի հավանությունը։ Դեմ էին արտահայտվել միայն հայամետ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը, որոնք քննադատել էին Բրայզայի սերտ կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մատնանշել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված նրա բացթողումները։

Քվեարկությունից ժամեր անց, երբ Միացյալ Նահանգներում ադրբեջանական կազմակերպություններն ու ադրբեջանամետ սենատորները դեռ շնորհավորում էին Բրայզային՝ նշանակման ուղղությամբ այդ կարեւոր փուլը հաղթահարելու համար, Կալիֆորնիայից ընտրված Բարբարա Բոքսերը հայտարարեց, թե կասեցնում է նրա նշանակումը։ Օրվա ավարտին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հայտնի է դարձել, որ Բոքսերի այդ քայլին միացել է նաեւ Ռոբերտ Մենենդեսը, ինչը նշանակում է, որ հարցը Սենատի լիագումար նիստի օրակարգ կմտնի միայն այն ժամանակ, երբ երկուսն էլ կփոխեն իրենց դիրքորոշումը Բրայզայի թեկնածության շուրջ եւ կդադարեցնեն թեկնածության առկախումը։

Այս սցենարով 2006 թվականին Ռոբերտ Մենենդեսը երկու անգամ արգելափակեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ պնդելով, թե նա մերժողական դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ամիսներ շարունակված անարդյունք քննարկումներից հետո Սպիտակ տունը ստիպված եղավ նոր թեկնածու առաջադրել այդ պաշտոնում։ Այժմ հայկական լոբբիստական կազմակերպությունները նույնն են պահանջում նաեւ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պարագայում։

«Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ահագնացող սպառնալիքների լույսի ներքո Մեթյու Բրայզային Բաքու ուղարկելը լուրջ սխալ կլինի ինչպես Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի, այնպես էլ Կովկասում հարատեւ խաղաղության հույսերի առումով», - հայտարարում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ պնդում, թե Բրայզան «հստակաբար ոչ պատշաճ ժամանակ եւ ոչ պատշաճ պաշտոնում առաջադրված թեկնածու է»:

Թե ինչ զարգացումներ տեղի կունենան Ադրբեջանում ավելի քան մեկ տարի շարունակ թափուր մնացած ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի շուրջ, առայժմ դժվար է կանխատեսել։ Հստակ է, որ հարցի շուրջ քննարկումները չեն վերսկսվի առնվազն մինչեւ նոյեմբեր, երբ Սենատի 100 տեղերից 36-ի համար ընտրություններ են կայանալու։ Ընդ որում, իր տարբերություն Բարբարա Բոքսերի, սենատոր Ռոբերտ Մենենդեսը վերընտրության խնդիր չունի. նա ընտրվել է 2006 թվականին՝ 6 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG