Մատչելիության հղումներ

Հայաստանում ալյուրի գների նոր բարձրացումներ են սպասվում


Հացի նոր թանկացում է սպասվում
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00
Ուղիղ հղում

Ցորեն ներկրող խոշոր ընկերությունները պնդում են, որ չնայած Հայաստանի ալյուրի շուկայում այս ամիս արձանագրված թանկացումներին, իրենք այժմ վնասներ են կրում եւ ստիպված են լինելու գների նոր բարձրացումներ կատարել։

«Հուլիսին ինքնարժեքից էլ էժան էինք վաճառում ալյուրը, սպասելով, որ նոր բերքը պետք է էժան գա եւ մենք դրա մեջ կկարողանանք տեղավորվել՝ թանկի եւ էժանի մեջ միջին գնով կկարողանանք վաճառել։ Բայց երբ տեսանք, որ կրկնակի ենք տուժելու, եղած ալյուրը բերեցինք իրական ինքնարժեքների վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց ալյուրի շուկայում գործող «Մանչո Գրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը։

Ալյուրի շուկայում այս ամիս արձանագրված թանկացումների առնչությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ցորենի ալյուրի շուկան եւ պահանջել շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» եւ «Մանանա Գրեյն» ընկերություններին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։

«Ամբողջ ինֆորմացիան, որ ունեին վաճառող կազմակերպությունները՝ ե՛ւ արտասահմանյան, ե՛ւ ռուսական, բոլորի կարծիքն այն էր, որ միանշանակ գները պետք է իջնեին, եւ այդպիսի գներ էին։ Ռուսաստանի՝ արտահանումը դադարեցնելու մասին հրամանից հետո սկսվեց մեծ աժիոտաժ շուկայում, գների մեծ բարձրացում», - իրավիճակը պարզաբանում է «Մանանա Գրեյն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը, - «Մենք չունեինք մեծ քանակի գնված ցորեններ։ Սկսեցինք գնել նավերի միջի ապրանքը, որպեսզի Հայաստանի սննդի անվտանգությունը պահպանենք»։

Ներկայումս «Մանանա Գրեյն» ընկերության կողմից վաճառվող 50 կիլոգրամանոց մեկ պարկ բարձր տեսակի ալյուրն արժե 9920 դրամ, այնինչ հուլիսի վերջին այն արժեր 7400-ից 7800 դրամ։

«9920 դրամով վաճառելով մենք վնասներ ենք կրում, քանի որ ներմուծել ենք բարձր գներով ցորեններ։ Ուղղակի ըմբռնումով մոտենալով՝ վաճառքը գնում է այս գներով։ Մեր պահեստներում կար որոշակի մնացորդ, բայց դա անվերջ մնացորդ չէ», - նշեց Նիկողոսյանը։

«Մանանա Գրեյնի» սեփականատերը դժվարացավ պատասխանել, թե ինչպիսին կլինեն հացի գները սեպտեմբերին՝ ասելով, թե ամեն ինչ որոշում են շուկայական գները։

Մինչդեռ, «Մանչո Գրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը վստահ է, որ նոր թանկացումներ սպասվում են։
«Այսօր ինչ ալյուր որ մենք վաճառում ենք, վնասով է վաճառվում։ Պիտի գների փոփոխություն արվի։ Միանշանակ նոր թանկացում է լինելու, որովհետեւ ամբողջ աշխարհում է դա գնում, դա մեզանից կախված չէ», - նշեց Մոսոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG