Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է ներկայացնում հերթական բանաձեւի նախագիծը


Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում Ադրբեջանը քննարկման է դնելու «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» վերնագրով բանաձեւի նախագիծը:

Համաձայն այդ փաստաթղթի, հակամարտության գոտի հանդիսացող տարածքների կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի եւ ժողովրդագրական կազմի միակողմանի փոփոխությունները «իրավաբանական ուժ չունեն եւ լրջորեն խոչընդտում են բանակցությունների հիման վրա հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»:

Ըստ նախագծի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարեւորում է «Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ դրա հարակից շրջաններից արտաքսված բնակչության` նախկին բնակավայրերը վերադառնալու անքակտելի իրավունքը»:

Բանաձեւի նախագծով Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) առաջարկվում է ուսումնասիրություն անցկացնելու նպատակով «շտապ կարգով համապատասխան փորձագիտական գիտելիքներ ունեցող բազմազգ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի»` հետաքննելու եւ համապատասխան զեկույց ներկայացնելու «միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավուքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանման վիճակի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Իրադրությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» վերնագրով օրակարգային կետը Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտցրել 2004 թվականին: Եվ քանի դեռ «գրավյալ տարածքների հետ կապված խնդիրը լուծված չէ» եւ շարունակում է օրակարգում մնալ, դա Ադրբեջանին հնարավորություն է տալիս «Գրավյալ տարածքների վիճակի վերաբերյալ» պարբերաբար բանաձեւեր ընդունել:

2008 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի նախաձեռնած առաջին բանաձեւը, որով կոչ էր արվում «հայկական զորքերը անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

Այն, որ սեպտեմբերի 9-ին քննարկվելիք բանաձեւ նույնպես կընդունվի, ոչ ոք չի էլ կասկածում:

«Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը ծանոթ է ՄԱԿ-ում սեպտեմբերին քննարկվելիք փաստաթղթի բովանդակությանը եւ արդյոք քայլեր ձեռնարկվում են բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ, արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կարճ պատասխանեց. - «Այո»:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից նախաձեռնված հերթական այս քայլը լուրջ վնաս կհասցնի բանակցային գործընթացին. - «Հայաստանը մշտապես արտահայտվել է¸որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն ձեւաչափը դա Մինսկի խումբն է, եւ այլ ձեւաչափերում հիմնախնդրի քննարկումը ապակառուցողական է, եւ լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Մինչդեռ, Հայաստանի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ, հերթական անգամ քննարկման դնելով գրավյալ տարածքներին վերաբերող բանաձեւի նախագիծը, Ադրբեջանը մտածված դիվանագիտական ակցիա է իրականացնում: Ամենավտանգավորը, Արզումանյանի խոսքով, այն է, որ իրար հաջորդող բանաձեւերում տեղ գտած ձեւակերպումները, այդ թվում` «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» արտահայտությունը, կդառնա նորմ տարբեր միջազգային կառույցների բանաձեւերի համար: Իսկ որ Ադրբեջանի կողմից նախաձեռնած այս մի բանաձեւը նույնպես ընդունվելու է, Ալեքսանդր Արզումանյանը չի էլ կասկածում :

«Բացառվում է չընդունումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արզումանյանը` պարզաբանելով. - «Ընդհանրապես, Գլխավոր ասամբլեայի կանոնակարգը հետեւյալն է. մեծամասնություն հասկացություն գոյություն չունի, եթե 5 երկիր կողմ քվեարկի, մնացածը ձեռնպահ, բանաձեւը համարվում է ընդունված: Նման դեպքերում երկրների մեծամասնությունը ձեռնպահ է մնում քվեարկելուց, որ կողմնակալություն չցուցաբերի: Եվ դեմ քվեարկելը նման հումանիտար նաեւ բաներ ընդգրկող բանաձեւին, ընդունված պրակտիկա չէ»:

Բանաձեւի նախագծի վերաբերյալ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչն ասաց, որ դրա վերնագիրն արդեն անընդունելի է. - «Որ Ադրբեջանը ունի գրավյալ տարածքներ, եւ որ այդ գրավյալ տարածքները, ըստ բանաձեւի տրամաբանության, գրավվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղվող պայքարը խեղաթյուրվում է եւ ներկայացվում է որպես Հայաստանի Հանրապետության կողմից ոտնձգություն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ»:

Նախկին արտգործնախարարը այս վիճակի պատասխանատուն է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, որը վերջին տարիներին զբաղվում է «ոչ թե արտաքին քաղաքականությամբ¸այլ PR-ով զբաղվող կազմակերպությանը հարիր գործունեությամբ»:

«Կա ավազակապետություն, որը ընտրություններ կեղծելու, սպանդ կազմակերպելու միջոցով պահում է իր աթոռը, եւ կա արտաքին գերատեսչություն, որը փորձում է աշխարհին մատուցել, որ Հայաստանում մարդու իրավունքներն են պահպանվում եւ այլն: Այսինքն, ոչ թե առաջնորդվում է Հայաստանի անկախ հանրապետության ազգային շահից, այլ մի խումբ մարդկանց, որոնք զավթել են Հայաստանի իշխանությունը, կցորդն է: Ինչպեսեւ` մյուս բոլոր գերատեսչությունները», - եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG