Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է ֆինանսավորել հայկական նոր ատոմակայանի կառուցման 20 տոկոսը


Հայաստանը եւ Ռուսաստանը համագործակցելու են հայկական նոր ատոմակայանի շինարարության հարցում:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ուրբաթ օրը Երեւանում ստորագրեցին երկու երկրների կառավարությունների միջեւ Հայաստանի տարածքում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման նպատակով տեխնիկական եւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։

Ըստ համաձայնագրի, Մեծամորում 1060 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2012 թվականին։ Կայանի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 5-7.2 միլիարդ դոլար։ Այդուհանդերձ, կառավարությունը առայժմ չի մատնանշել, թե կոնկրետ ինչ աղբյուրներից է հայթայթելու կառույցի համար անհրաժեշտ գումարը։

Ստորագրումից առաջ Սերգեյ Կիրիենկոն լրագրողների հետ զրույցում նշեց, թե Ռուսաստանը կարող է ֆինանսավորել ատոմակայանի կառուցման 20 տոկոսը։

Էներգետիկայի եւ բանական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքով, ֆինանսավորման խնդիրը կհստակեցվի շինարարության համար հայտարարվելիք մրցույթի արդյունքում, երբ արդեն պարզ կդառնա, արդյոք միայն ռուսական կողմն է իրականացնելու նախագծի ֆինանսավորումը, թե կարող են լինել նաեւ ամերիկյան, եվրոպական կամ ճապոնական ներդրողներ։

«Երեւի 2-3 ամսից՝ մրցույթը հայտարարելուց հետո հայտերը կունենանք։ Բավական մեծ հետաքրքրություն կա», - հայտարարեց Արմեն Մովսիսյանը։

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով անցած տարեվերջին ստեղծվել էր հայ-ռուսական «Մեծամորէներգաատոմ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ատոմակայանի կառուցման ծրագրի կառավարումն իրականացնելու է ավստրալիական Warley Parsons միջազգային կոնսորցիումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG