Մատչելիության հղումներ

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը ֆինանսավորելու հարցով Հայաստանը բանակցում է նաեւ Չինաստանի հետ


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը երկուշաբթի օրը հաստատեց, որ Իրան - Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցով Հայաստանը բանակցում է ոչ միայն Իրանի եւ Ռուսաստանի, այլեւ Չինաստանի հետ:

Խոսքը, ընդ որում, Չինաստանից մոտ 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մասին է:

«Նախ` այս պահին դեռ չենք վերցնում: Երկրորդը` դա բավական երկար ծրագիր կլինի. ենթադրում եմ, որ մի տասը տարվա ծրագիր կլինի... Փուլերով ուսումնասիրելով պետք է գնանք: Երեք պետությունների հետ բանակցությունները վարվում են, այդ թվում` ֆինանսական կազմակերպությունների: Ես խոսել եմ նաեւ Ասիական [զարգացման] բանկի հետ, որը պատրաստակամություն հայտնել է` որոշակի պահանջներ մեր կողմից իրականացնելուց հետո», - ասաց Վարդանյանը:

Նախարարի ներկայացմամբ, ավստրիական մի ընկերության զեկույցի համաձայն, երկաթուղու կառուցումը կարժենա 4 միլիարդ դոլար: Ըստ եվրոպական չափանիշներով կատարված այս հաշվարկի` բանվորը 5-7 հազար եվրո աշխատավարձ է ստանում:

Հայկական նախագծային ինստիտուտի գնահատականներով, մինչդեռ, գումարը շատ ավելի համեստ է` ամբողջ շինանարության արժեքը գնահատվել է 1,8 միլիարդ դոլար:

Նախարարը հնարավոր համարեց, որ Իրան -Հայաստան երկաթուղու կառուցումից հետո Հայաստանի կառավարությունը որոշի վերանայել «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիրը:

Մանուկ Վարդանյանը դժգոհություն հայտնեց, որ հայաստանյան երկաթուղին կոչվում է «Հարավկովկասյան». - «Այս թյուրիմացությունը բոլորիս միջից հանենք, որովհետեւ... մենք ռուսներին ոչինչ չենք հանձնել: Երկաթգիծը հայկական է, մեր կազմակերպությունն է, ամբողջը մեր սեփականությունն է: Նրանք ընդամենը կառավարելու են 30 տարի»:

2008 թվականի հոկտեմբերին, հիշեցնենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան - Հայաստան երկաթուղու կառուցումը: Դրանից հետո Չինաստան մեկնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` վարելով 1 միլիարդ դոլարի վարկ ստանալու մասին բանակցությունները (փաստացի` ստանձնելով երկրի վարչապետի պարտականությունները), ինչը հարուցել էր հայաստանյան փորձագետների ու վերլուծաբանների տարակուսանքը:

«Դա անհավանական է, այդ ծրագիրը չի իրականացվի: Հնարավոր չէ իրականացնել` լավագույն ցանկությունների դեպքում էլ», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Հարությունյանը: - «Եթե այդ ծրագիրը պետք է իրականացվի` առավել եւս վարկ վերցնելու ճանապարհով, ուրեմն դա առավել անընդունելի է, որովհետեւ մենք արդեն այն սահմանագծին ենք, որ վտանգավոր ենք դառնում»:

Նրա խոսքով, Իրանը առայժմ «խնդրահարույց երկիր է» աշխարհի համար, ուստի պատահական չէ, որ Արեւմուտքը եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում Իրան - Հայաստան երկաթուղու նկատմամբ:

Վահագն Խաչատրյանը միանշանակորեն բացառեց, թե Չինաստանը կարող է 1,5 միլիարդ դրամի վարկ տրամադրել Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG