Մատչելիության հղումներ

Հայոց համազգային շարժման վարչության փոխնախագահի հրաժարականը ՀՀՇ-ՀԱԿ հարաբերություններին չի վնասի


Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյան

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական է ներկայացրել, որի պատճառը, կուսակցության տեղեկացմամբ, տարաձայնություններն էին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղաքական գծի վերաբերյալ։

«Այն, ինչ այսօր անում է Հայ ազգային կոնգրեսը, վայելում է դրա մաս կազմող 18 կուսակցությունների, այդ թվում Հայոց համազգային շարժման լիակատար աջակցությունը։ Որեւէ խնդիր ՀՀՇ-ի հետ չունենք, չենք ունեցել եւ չենք ակնկալում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Քոքոբելյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը։

Երկուշաբթի օրը ՀՀՇ-ի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Խաչատուր Քոքոբելյանը հրաժարական է ներկայացրել ՀՀՇ-ի վարչության փոխնախագահի պաշտոնից, քանի որ որոշակի տարաձայնություններ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղաքական գծի վերաբերյալ, ինչի մասին արտահայտվել է հրապարակավ։ - «Մասնավորապես, միշտ կողմ լինելով ավելի բաց եւ թափանցիկ քաղաքականությանը՝ Քոքոբելյանն առաջարկել է ընդդիմության անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել ավելի կոնկրետ, որոշակի եւ վճռական գործողություններով», - ասված է ՀՀՇ-ի հայտարարության մեջ։

«Կան առանձին կուսակցություններ, որոնք հարցեր բարձրացրել են Կոնգրեսի մարտավարության վերաբերյալ, բայց Հայոց համազգային շարժումը նման կուսակցությունների թվին չի պատկանում», - այս առիթով նկատեց Լեւոն Զուրաբյանը։ - «ՀԱԿ-ի քաղխորհրդի մի քանի նիստերին ՀՀՇ-ին ներկայացրել է Խաչատուր Քոքոբելյանը։ Այդ նիստերում նա լիակատար աջակցություն է հայտնել այն ծրագրերին, որոնք քննարկվել են։ Այսինքն, նրա կողմից հրապարակավ տեսել ենք միայն լիակատար աջակցություն Կոնգրեսի կուրսին»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ՀԱԿ-ի համակարգողը նաեւ նշեց, որ ոչ մի նախադրյալ կամ նշան չկա այն բանի, որ ՀՀՇ-ն կարող է առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանդես գալ որպես առանձին քաղաքական ուժ։
Ըստ որոշ տեղեկությունների, Քոքոբելյանի հրաժարականի իրական պատճառն այն է, որ նա վերջին շրջանում կուսակցության ներսում իշխանամետ աշխատանք է տարել։

Այս տեղեկությունները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց ՀՀՇ-ի վարչության անդամ, լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը՝ նշելով, թե չի կարող գտնվել մի մարդ, ով կարող է ենթադրել, թե կուսակցության ներսում հնարավոր է իշխանամետ քարոզչություն իրականացնել։ Կարեն Կարապետյանը բացառեց նաեւ ՀԱԿ-ից ՀՀՇ-ի դուրս գալու հնարավորությունը՝ դա «աբսուրդ» որակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG