Մատչելիության հղումներ

ՀՅԴ. «Հայաստանում պետք է ձեւավորվեն նոր իշխանություններ»


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որ անցած տարի հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, «վտանգավոր» որակելով երկրում ստեղծված իրավիճակը, որպես միակ ելք է տեսնում «նոր իշխանությունների ձեւավորումը»:

«Այս իշխանությունները անընդունակ են [երկրի առջեւ ծառացած] բոլոր խնդիրները լուծելու», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի` շաբաթավերջին կայացած ՀՅԴ Գերագույն ժողովում վերընտրված ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` պարզաբանելով. - «Դրա համար պետք է ստեղծվեն համապատասխան նախադրյալներ, պայմաններ` իշխանությունները փոխելու եւ նոր որակի իշխանություններ Հայաստանում ձեւավելու: Այնպիսի իշխանություն, որ կարողանա իսկապես Սահմանադրորեն ամրագրված նորմը իրականացնի»:

«Մենք ուզում ենք ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել: Դա է ճիշտ ճանապարհը: Ցնցումների միջոցով իշխանության փոփոխությունը միշտ վտանգավոր է, վնասակար է` մանավանդ այն պարագայում, երբ Հայաստանը, հայությունը այսօր չավարտված պատերազմի վիճակում են», - շարունակեց Ռուստամյանը` չբացառելով, այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների հնարավորությունը. - «Կարող են լինել [արտահերթ ընտրություններ] : Որովհետեւ կարող են ֆորս-մաժորային իրավիճակներ նման երկրի համար միշտ առաջանալ»:

Կոալիցիայից դուրս գալուց հետո գումարած առաջին Գերագույն Ժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն առաջին անգամ ընդդիմադիր դիրքերից ամփոփել է երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում Հայաստանի ձեռքբերումներն ու բացթողումները:

Այդ շրջանում բացթողումների համար, սակայն, Դաշնակցությունը պատասխանատվություն, ըստ Ռուստամյանի, չի կրում. - «Հայաստանում լիարժեք իշխանություն 20 տարվա այս վերջին ժամանակահատվածում, ըստ էության, եղել է ՀՀՇ-ն, որ եղել է լիարժեք իշխանություն, այնուհետեւ այս վերջին շրջանում` Հանրապետականները: Եվ, բնականաբար, ամբողջական պատասխանատվություն կրում են հենց այդ ուժերը»:

ՀՅԴ Գերագույն ժողովի ավարտին տարածված հայտարարությունը նշում է շուրջ երկու տասնյակ բացթողումներ, որոնք վերաբերում են սոցիալական խնդիրներին, կոռուպցիային դեմ անարդյունավետ պայքարին, չկայացած դատական եւ ընտրական համակարգերին, այլ խնդիրների:

«Տագնապահարույց է երկրում աղքատության իրական մակարդակը, երաշխավորված չեն խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը, բացակայում է իշխանություն - ընդդիմություն միասնական քաղաքական համակարգը», - ասաց Ռուստամյանը` շարունակելով. - «Պետությունը այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG