Մատչելիության հղումներ

Գազի պահանջարկի նվազումը կարող է հանգեցնել սակագնի նոր բարձրացման


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուրբաթ օրը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» ընկերության 2010-12 թվականների ներդրումային ծրագրին։

Ընկերությունը այս տարի նախատեսում է ծախսել 9,5 միլիարդ դրամ գազամատակարարման համակարգի վերակառուցման համար, ինչը 1 դրամով ավելացնում է սպառողներին վաճառվող գազի սակագինը։ Այս թվերը ներկայացնելով՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց. - «Դա կարող է [թանկացման] չբերել։ Եթե սպառման ծավալները մեծանան, մենք հայտով հանդես չենք գա։ Տնտեսական զարգացումը ցույց կտա՝ ինչ կլինի։ Այսօր մենք սպառման տեսանկյունից դրական միտումներ չենք տեսնում։ Ձմեռը կգա՝ կտեսնենք։ Եթե աճ կա՝ շատ լավ, եթե աճ չկա՝ կուսումնասիրենք, կտեսնենք ինչ ենք անում»։

Անցած տարի Հայաստանում սպառվել էր 1,8 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը մոտ 20 տոկոս պակաս էր 2008 թվականի ցուցանիշներից, եւ Ռուսաստանից ներմուծվող գազի գնի բարձրացումից բացի, սպառման այդ նվազմամբ էր «ՀայՌուսգազարդ»-ը մասնակիորեն հիմնավորել այս տարվա ապրիլի 1-ից սպառողների համար գազի սակագնի շեշտակի աճը:

Այս տարի եւս, Աշոտ Հովսեփյանի ձեւակերպմամբ, «վատ օրեր են սպասվում», եւ «ՀայՌուսգազարդ»-ը շնորհակալ կլինի, եթե տարվա արդյունքներով սպառումը կազմի 1,5 միլիարդ խորանարդ մետր:

Աշոտ Հովսեփյանի խոսքով, գազի սպառման անկումը առաջին հերթին պայմանավորված է արդյունաբերական ձեռնարկությունների կողմից պահանջարկի շուրջ 30 տոկոս նվազմամբ։ Նրա պնդմամբ, պատճառը ոչ թե ապրիլից գազի սակագնի բարձրացումն է, այլ շինարարության ծավալների կրճատումը:

Մինչդեռ, Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները բողոքում են, որ 2009 եւ 2010 թվականին գազի գների հաջորդական բարձրացումների հետեւանքով թանկացել է նաեւ իրենց արտադրանքը։

2010 թվականի ապրիլի 1-ից «ՀայՌուսգազարդ»-ի կողմից բնակչությանը մատակարարվող գազի 1 խորանարդ մետրը արժե 132 դրամ՝ նախկին 96-ի փոխարեն, իսկ խոշոր սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում են 243 դոլար՝ նախկին 215-ի փոխարեն։

«Մենք արտահանման շուկան լրիվ կորցրեցինք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Միկա ցեմենտ» գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը. - «Վրաստան չկարողացանք այլեւս արտահանել, որովհետեւ գնային տեսակետից արդեն մրցունակ չէինք։ Թուրքական ցեմենտը շատ էժան գներով մտավ Վրաստան։ Մենք արտահանում էինք Վրաստան, Պարսկաստան։ Ռուսաստան էինք արտահանել Սոչիի համար, դա էլ կորցրեցինք, որովհետեւ ռուսական ցեմենտը շատ էժան գներով են ներկայացնում իրենք»։

Ցեմենտ արտադրող ընկերություններից, ինչպես նաեւ «Նաիրիտ» գործարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ մշակվում են ծրագրեր՝ արտադրական հզորությունները վերազինելու եւ գազի ծախսը նվազեցնելու ուղղությամբ։

Տնտեսագետ Սամվել Ավագյանը, սակայն, նախազգուշացնում է՝ առաջիկայում հայկական ցեմենտ արտադրողները կարող են դուրս մղվել անգամ հայկական շուկայից։

«Որովհետեւ այն հզորությունները, որոնք այժմ գործարկվում են Ադրբեջանում, Վրաստանում, հարեւանը Իրանում ու Թուրքիայում, կարող է հանգեցնել նրան, որ, ասենք, վրացական ցեմենտն ամբողջությամբ հեղեղի հայկական շուկան», - կանխատեսում է Ավագյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG