Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները քննադատում են Եվրախորհրդարանի բանաձեւը


Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները ուրբաթ օրը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում իրենց դժգոհությունը բարձրաձայնեցին նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի կապակցությամբ:

Լիագումար նիստում ընդունված այդ բանաձեւի՝ հայկական ուժերը «ադրբեջանական օկուպացված տարածքներից դուրս բերելու» կոչի առնչությամբ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) հայտարարեց, որ փաստաթուղթ «անհավասարակշիռ» է՝ հավելելով, սակայն, թե նախնական տարբերակում «հավասարակշռությունը էլ ավելի խախտված է եղել»:

«Այնպիսի դրույթներ են եղել, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասով փորձ է արվել ներկայացնել, թե իբր դա անջատողականների մի շարժում է», - ասաց Մինասյանը՝ շարունակելով, թե Եվրոպայում գործող Հայ դատի գրասենյակները, իր տեղեկություններով, նաեւ պաշտոնական Երեւանն է որոշակի աշխատանքներ կատարել «փաստաթուղթը հնարավորինս մեղմացնելու ուղղությամբ»:

Նշելով, որ գործադրած ջանքերը, այդուհանդերձ, ցանկալի արդյունքը չեն տվել՝ պատգամավորը ասաց. - «Սա խոսում է այն մասին, որ իսկապես մենք կարիք ունենք համակարգային քաղաքականության, այլ ոչ թե առանձին, անհատական կամ թեկուզ ազգային հարցերով մտահոգ առանձին խմբերի աշխատանքի»:

Նրա համոզմամբ, անհրաժեշտ է, որ Հայաստանն ավելի ակտիվ քարոզչական աշխատանքներ իրականացնի այլ երկրների հետ հատկապես երեք հիմնական ուղղություններով՝ հետ կանչի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, թույլ չտա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը դուրս գա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներից, եւ ակտիվ գործողություններ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում՝ ազատագրված տարածքները ներառյալ, վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Եվրախորհրդարանի բանաձեւը բանակցային հետագա գործընթացի վրա, Արծվիկ Մինասյանը արձագանքեց, թե այդ փաստաթուղթը սոսկ խորհրդատվական բնույթ է կրում, սակայն, հավելեց, որ «թուրք-ադրբեջանական տանդեմի ջանքերով ծնված բանաձեւը միտված է ընդհանուր տրամադրվածության ձեւավորմանը»:

«Ես կարծում եմ, որ այս անհավասարակշիռ փաստաթուղթը իր մեջ նաեւ պատերազմի վտանգ է պարունակում: Թեեւ նույն փաստաթղթում կոչ է արվում, որ կողմերը ձեռնպահ մնան ռազմական ուժ գործադրելուց կամ դրան միտված վարքագծից, բայց, մյուս կողմից, այն այնքան միակողմանի է կազմված, որ եթե կյանքի կոչվի իրենց այդ մոտեցումը կամ փորձ անեն այդ մոտեցումը առաջ տանել, դա բերում է ուղիղ հենց պատերազմի», - եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ՝ այս «անհեթեթ փաստաթուղթը ոչ միայն Ադրբեջանի կողմի ուղղակի խեղաթյուրումների արդյունք է, այլեւ նախեւառաջ Հայաստանի պասիվության արդյունք է»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, բանաձեւը «հայկական կողմի անբարեխիղճ եւ անպատասխանատու աշխատանքի արդյունք է»:

Իշխող կոալիցիան ներկայացնող երեք խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ բանաձեւ ծնվել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի հիման վրա: Կիրիլովը «Ադրբեջանի բարեկամներ» խմբի նախագահն է եւ «իրավիճակի վերաբերյալ միակողմանի տեղեկությունների է տիրապետում»:

Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները միաբերան պնդեցին արտգործնախարար Նալբանդյանի տեսակետը, որ բանաձեւը հակասում է թե' Մադրիդյան սկզբունքներին, թե' Լ'Աքուլիայի հայտարարությանը եւ թե' Մայնդորֆյան հռչակագրին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քատուղար Արամ Սաֆարյանի կարծիքով, այս բանաձեւով Եվրախորհրդարանը փորձ է անում «մեծացնել Եվրամիության ներկայացուցիչ պետության՝ Ֆրանսիայի ձեւաչափը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում՝ դրան տալով Եվրամիության մանդատ»:

ՀՀԿ-ի խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «անթույլատրելի» համարեց, որ «նմանատիպ կարեւորագույն եւ զգայուն խնդիրների շուրջ գրվեն զեկույցներ, որոնք ամբողջական չեն եւ պրոֆեսիոնալ ձեւով չեն կազմվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG