Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական գործընթացը, ըստ Աշոտ Մանուչարյանի, Հայաստանի նախաձեռնությունը չէ


«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մամուլի ասուլիսում: 11-ը մայիսի, 2010թ.
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մամուլի ասուլիսում: 11-ը մայիսի, 2010թ.

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ, Հայաստանը իրականում «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն չի վարում», եւ «հայ-թուրքական կարգավորման գործընթացը պաշտոնական Երեւանի նախաձեռնությունը չէ»:

«Սովորաբար, ով նախաձեռնողն է, նա էլ վարողն է: Չի երեւում, որ այս գործընթացի վարողը Հայաստանն է», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը ասաց Մանուչարյանը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն էր:

«Մինսկի խումբը որեւէ կապ Ղարաբաղի կարգավորման հետ չունի», - հայտարարեց նա՝ պարզաբանելով. - «Դա Միացյալ Նահանգների մի գործիք է, որով նա ուզում է ուղղորդել եւ վերահսկել գործընթացները տարածաշրջանում: Բայց Հայաստանը չի կարող Միացյալ Նահանգներին ասի՝ ոչ: Ուրիշ բան, որ Հայաստանը իրավունք չուներ վերածել Մինսկի գործընթացը ղարաբաղյան հարցի կարգավորման ի'ր գործընթացին: Այս մի կոպիտ սխալը այս տարիների ընթացքում կատարվել է»:

Մանուչարյանի կարծիքով, պատերազմի վերսկսկումը «ըստ էության» հնարավոր է, «սկզբունքորեն»՝ ոչ: Ղարաբաղում պատերազմի վերսկսման նախադրյալներ՝ արտաքին կամ ներքին, այսօր չկան:

Ռուսաստանի նախագահի առաջիկա այցը Թուրքիա, նրա կարծիքով, «տարածաշրջանային առումով էական փոփոխություն չի առաջացնի», թեեւ՝ «Հայաստանի համար կան վտանգներ»:

Մանուչարյանի համոզմամբ, արտաքին քաղաքական դաշտում առաջացած խնդիրները «ներքին իրավիճակի հետեւանք են»:

«Այսպիսի անկայուն իրավիճակ, ինչպիսին այսօր է՝ երբեւէ չի եղել, որեւէ կայուն համակարգ երկրում գոյություն չունի», - ասաց նա՝ շարունակելով. - «Այսինքն՝ երբ մարդկանց հիմնական փնտրտուքը իրենց անձնական դիրքն է եւ ստացած եկամուտը, ապա նրանք ամեն վայրկյան պատրաստ են կոնֆիգուրացիան փոխելու: Իրար հետ մարդկանց միացնող ուրիշ բան՝ բացի եկամուտից, չկա»:

Մանուչարյանը համաձայն չէ, թե քաղաքական լուրջ զարգացումները՝ ընդհուպ մինչեւ իշխանափոխությունը, հնարավոր են «միայն արտաքին ուժերի ճնշման ներքո»:

«Ներքին զարգացումների հետեւանքով փոփոխությունները ոչ միայն հնարավոր են, այլեւ հրամայական են», - հայտարարեց Մանուչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG